Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան
16:35 | 17.11.11 | Նորություններ | 1785
Երեւան/Մեդիամաքս/. Տասներկու տարի շարունակ Orange-ը համագործակցում է Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ` աջակցելով վերջինիս կողմից իրականացվող Հեռախոսամարաթոն դրամահավաք ծրագրին, որն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 17-20-ը: Հեռախոսամարաթոնից ստացված հանգանակություններն ուղղվելու են Տավուշի մարզում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորմանը եւ Ղարաբաղի տասնյակ գյուղերում խմելու ջրի առկա խնդրի լուծմանը:
Այս տարի նպատակ կա հավաքել ավելի շատ հանգանակություններ, քան նախորդ տարի: 2010թ. Ֆրանսիայում եւ այլ եվրոպական երկրներում (Գերմանիա, Հոլանդիա, Շվեյցարիա եւ Հունաստան) հանգանությամբ հավաքվել է 1 մլն 400 հազ. եվրո:
Կաշանում, Լիոնում, Մարսելում եւ Տուլուզում գործող Orange-ի չորս հեռախոսակայաններն այս օրերին կլինեն Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմնի կամավորների տրամադրության տակ: Այս հեռախոսակայաններից վերջիններս կզանգահարեն 50 000 ընտանիքների եւ ընկերությունների Ֆրանսիայում: Հեռախոսակայնները հագեցված են հեռախոսամարաթոնի անցկացման համար անհրաժեշտ հաղորդակցության բոլոր միջոցներով եւ տեխնոլոգիաներով: Այս հեռախոսակայաններում աշխատող կամավորներին նաեւ իրենց աջակցությունը կցուցաբերեն Orange-ի տեխնիկական մասնագետները:
Հանգանակությունների խոստումներ կարելի է կատարել նաեւ հատուկ այդ նպատակի համար նախատեսված հեռախոսահամարին զանգահարելու միջոցով` 0 810 10 14 14:
«Բացի այն, որ Հեռախոսամարաթոնի անցկացման շրջանակներում մենք տեխնիկական աջակցություն ենք ցուցաբերում, մեր շատ աշխատակիցներ նաեւ իրենց օժանդակությունն են ցուցաբերում այս օրերին հեռախոսակայաններում աշխատող կամավորներին: Սա եւս մեկ օրինակ է այն բանի, որ Խումբն իր լավագույն փորձն է ներդնում նման բարեգործական ծրագրերի աջակցման գործում: Մենք շատ հպարտ ենք այս նպատակով նորից համագործակցել Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմնի հետ: Տարեցտարի մենք ընդլայնում ենք մեր գործունեությունը նաեւ Հայաստանում, ինչի արդյունքում անցյալ տարի ապրիլին Հայաստանում ստեղծվեց Orange Արմենիա Հիմնադրամը»,- ասել է Orange Հիմնադարամի գլխավոր քարտուղար Միրեյ լը Վանը:
«Հեռախոսամարաթոն դրամահավաք ծրագրի շրջանակներում Orange Արմենիա ընկերությունը համագործակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ արդեն երկրորդ անգամ: Այս տարի եւս մենք մեր բաժանորդներին հնարավորություն ենք ընձեռել հատուկ այս նպատակի համար նախատեսված հեռախոսահամարին կարճ հաղորդագրություններ ուղարկելու միջոցով կատարել հանգանակություններ: Գյուղերը Orange Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են, եւ այժմ մենք ուրախ ենք, որ ունենք հնարավորություն մեր տեխնոլոգիաները լավագույնս ծառայեցնելու այն ծրագրերի իրականացմանը, որոնք նպատակ ունեն բարելավել Հայաստանի գյուղերի բնակիչների ամենօրյա կյանքը»,- ասել է Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: