14:14 | 01.09.11 | Նորություններ | 1019

Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը կվերակազմավորվի հիմնադրամի

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության որոշմամբ «Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) կվերակազմավորվի հիմնադրամի:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել լաբորատորիայի տնօրեն Աշոտ Չիլինգարյանը:

Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցներից մի քանիսն այսօր  մտավախություն են արտահայտել, որ այս որոշումը «վտանգավոր է ինստիտուտի համար»:

«Ոմանք մտավախություն ունեն, որ վերակազմավորումը թուլացնում է մեր կարգավիճակը եւ իրավունքները սեփականության նկատմամբ, քանի որ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ստանում է ավելի արտոնյալ իրավունքներ, քան տնօրինությունը: Չնայած կարգավիճակին, մենք պետք է ուժեղ լինենք եւ թույլ չտանք ոչ մի ոտնձգություն մեր սեփականության հանդեպ», - Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է Աշոտ Չիլինգարյանը:

Հիմնադրամի լիազոր մարմին է նշանակվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը: