15:06 | 29.07.11 | Նորություններ | 3411

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երեւանի կենդանաբանական այգու տարածքը ապահովել է 10 Մբիթ/վրկ արագությամբ WiFi կապով

Երեւան: Մեդիամաքս: Երեւանի կենդանաբանական այգում այսօր տեղի է ունեցել անվճար WiFi կապի գործարկման մեկնարկի արարողությունը, որի արագությունն է 10 Մբիթ/վրկ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ սա կենդանաբանական այգու համար առաջադիմական քայլ է:

“Այս քայլով բարձրանում է նաեւ այցելուներին սպասարկելու մակարդակը: Քիչ են նման այգիները, որոնցում ցանկացած ոք կարող է մուտք գործել ինտերնետի լայնաշերտ տարածություն”,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

“Երբ ողջ այգու տարածքը համալրվի համացանցով, կգործի նաեւ ինտերակտիվ քարտեզը, որի միջոցով այցելուն կկարողանա ոչ միայն կողմնորոշվել տարածքում, այլեւ ստանալ հետաքրքրաշարժ տեղեկատվություն այգու եւ կենդանիների մասին”,-ասել է կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Նա տեղեկացրել է, որ սպիտակ սիրամարգների ազատավանդակում տեղադրվել է վեբ-տեսախցիկ, որը թույլ կտա կենդանիների խնամակալներին մշտապես հետեւել նրանց:

“Կենդանիների խնամակալություն” ծրագիրը թույլ է տալիս 20 000-100 000 դրամ նվիրատվություն իրականացնելով` խնամել ձեր սիրելի կենդանիներին: