Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը` Beeline) հայտարարել է “SMS ամառ” ակցիայի մեկնարկի մասին` կանխավճարային բաժանորդների համար:
Ակցիայի շրջանակում մինչեւ 2011թ. օգոստոսի 31-ը բաժանորդները կարող են ակտիվացնել “SMS ամառ” ծառայությունը եւ յուրաքանչյուր օրվա առաջին 20 ներցանցային հաղորդագրություն ուղարկել 0 դրամ սակագնով:
“Մենք շարունակում ենք հաճախորդներին առաջարկել սեզոնային ակցիաներ` մեր գործունեության բոլոր բնագավառներում: Այս ամառ արտոնյալ պայմաններից եւ սակագներից կարող են օգտվել ոչ միայն լարային եւ շարժական ինտերնետի բաժանորդներն այլեւ նրանք, ովքեր գերադասում են շփվել SMS-հաղորդագրությունների միջոցով”, - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
“SMS ամառ” ծառայությունը կարելի է ակտիվացնել` զանգահարելով 067420 հատուկ համարին, հավաքելով *110*20# USSD-հրահանգը կամ ուղարկելով SMS հաղորդագրություն 0674 կարճ համարին 20 տեքստով:
“SMS ամառ” ծառայությունն ապաակտիվացվում է զանգով 067421 հատուկ համարին, *110*21# USSD-հրահանգով կամ 0674 կարճ համարին 21 տեքստով SMS հաղորդագրությունով:
Ծառայության ակտիվացման արժեքը կազմում է 200 դրամ, իսկ օրական բաժանորդավճարը` 20 դրամ: Ծառայության շրջանակում օրվա ընթացքում առաջին 20 ներցանցային SMS հաղորդագրության արժեքը կազմում է 0 դրամ: Ներցանցային հաղորդագրությունները` սկսած 21-ից, ինչպես նաեւ դեպի այլ ցանցեր ուղարկվող SMS-ները տարիֆիկացվում են համաձայն բաժանորդի սակագնային փաթեթի:
Ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի բոլոր սակագնային փաթեթների կանխավճարային համակարգի բաժանորդ հանդիսացող ֆիզիկական անձանց, բացառությամբ “Շարժական ինտերնետ” սակագնային փաթեթների բաժանորդների: