16:43 | 22.03.11 | Նորություններ | 3044

Beeline-ի բաժանորդներին հասանելի են անվճար SMS-ծանուցումներ Facebook-ից

Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) հայտարարել է Facebook ցանցում SMS-ծանուցման ծառայության գործարկման մասին:

Ծառայությունը Beeline բջջային ցանցի բաժանորդներին թույլ է տալիս ստանալ SMS-ծանուցումներ իրենց “պատին” կատարված հրապարակումների, նկարների կամ գրառումների մեկնաբանությունների մասին, ինչպես նաեւ SMS-հաղորդագրության միջոցով սահմանել կարգավիճակը, պատասխանել հարցումներին եւ այլն:

“Հետամուտ լինելով էլեկտրոնային հաղորդակցության ժամանակակից միտումներին` մենք առաջինը Հայաստանում գործարկում ենք սոցիալական ցանցերում շփվելու նոր ծառայություն: Այս ծառայության շնորհիվ մեր բաժանորդները կարող են մնալ կապի մեջ իրենց ընկերների հետ, կիսել տրամադրությունը եւ հետեւել նորություններին, որտեղ էլ նրանք լինեն”, - նշել է “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Beeline բջջային ցանցի բաժանորդները կարող են ստանալ SMS-ծանուցումներ Facebook ցանցից անվճար` առանց բաժանորդավճարի, միացման եւ SMS-հաղորդագրության ստացման վարձի:

Դեպի Facebook ուղարկվող մեկ SMS-հաղորդագրության արժեքը (ստատուսը սահմանելու, հարցումներին պատասխանելու համար եւ այլն) մինչեւ 2011թ հունիսի 1-ը կկազմի 5 դրամ, իսկ հետագայում` 9 դրամ` անկախ բաժանորդի սակագնային պլանից:

Անվճար SMS-ծանուցումներից օգտվելու համար Facebook-ից օգտվող Beeline բջջային ցանցի բաժանորդը պետք է գրանցի իր հեռախոսահամարը Facebook-ի անձնական էջի “Բջջային տարբերակ” բաժնում, կամ 32665 համարին ուղարկի FB բովանդակությամբ SMS-հաղորդագրություն: Պատասխան նամակում ստացած ակտիվացման կոդը պետք է մուտքագրի Facebook-ի էջի համապատասխան դաշտում: Անձնական էջի խմբագրման “Ծանուցումներ” դաշտում օգտագործողը կարող է ինքնուրույն ընտրել մեկ կամ մի քանի չափորոշիչ, որով նա ցանկանում է ստանալ SMS-ծանուցումներ:  Կարելի է ընտրել նաեւ ծանուցումներ ստանալու ժամերը: