00:37 | 19.01.10 | Հարցազրույցներ | exclusive 3978

“Որակն ընդունելի կդառնա հաճախորդների ավելի քան 90%-ի համար”

Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Itel.am պորտալին

- Ինչպե՞ս եք գնահատում Orange Armenia-ի գործունեության առաջին արդյունքները:

- Ես չեմ կարող դրանք ինքս գնահատել, կամ խոսել բաժանորդների անունից: Մենք մշտապես կատարում ենք շուկայի վերլուծություն: Վերջինն անց էր կացվել դեկտեմբերի վերջում, որի արդյունքում մենք ստացանաք դրական արձագանքներ: Հաճախորդներն ընդհանուր առմամբ գոհ են մեր ծառայություններից, թեեւ դեռեւս ամեն ինչ չէ, որ անթերի է:

Մեր նպատակներից մեկը գործունեության սկզբում հաճախորդներին նոր բան առաջարկելն էր, նրանց ապրանքատեսակների միջեւ ընտրության ավելի մեծ հնարավորություն տալը: Կարծում եմ, այդ գործում մենք հաջողության ենք հասել, քանզի ակնհայտ է, որ չնայած դեռեւս ոչ մեծ բաժանորդային բազային, ՀՀ բնակչության հիմնական մասն ունի ավելի մեծ հնարավորություններ եւ ավելի մեծ ընտրություն: Ինչ վերաբերում է մնացյալին, պետք է որոշեն սպառողները:

- Տվյալ պահին քանի՞ բաժանորդ ունի Orange Armenia-ն:

- Հունվարի 14-ի դրությամբ մենք ունեինք ինտերնետ-կապի շուրջ 10 հազար բաժանորդ եւ բջջային կապի 150 հազար բաժանորդ:

- Ինչպիսի՞ն է Հայաստանում Orange-ի բաժանորդային բազայի որակը: Ովքե՞ր են ձեր հաճախորդները: Արդյոք նրանք օգտվու՞մ են բացառապես ձեր ծառայություններից, թե՞ համատեղում են դրանք այլ օպերատորների ծառայությունների հետ:

- Դժվար է այդ հարցին պատասխանել, քանզի մենք աշխատում ենք մրցակցային շուկայում, եւ ակնհայտ է, որ մեզ մոտ գալիս են բոլոր կատեգորիաների եւ տարիքային խմբերի հաճախորդներ: Մեր բաժանորդային բազայի զգալի մասն երիտասարդությունն է, քանզի երիտասարդներն ավելի շահագրգռված են տեղեկատվության հասանելիությամբ: Միաժամանակ, մենք ունենք նաեւ ավելի մեծ եւ պատկառելի տարիքի բաժանորդներ, ովքեր օգտվում են մեր հատուկ ծառայություններից: Կարծում եմ, մեր հաճախորդ են դարձել հայ հասարակության տարբեր ներկայացուցիչներ:

- Ինչպե՞ս եք գնահատում մրցակիցների արձագանքը Orange-ի մուտքի նկատմամբ: Ինչպիսի՞ն է լինելու մրցակցությունը ՀՀ հեռահաղորդակցային ոլորտում այս տարի:

- Նկատելի էր մեր երկու մրցակիցների ակնթարթային արձագանքը, մասնավորապես, ինտերնետային ծառայությունների ասպարեզում: Մենք նորույթ առաջարկեցինք ինչպես ծառայության, այնպես էլ դրա գնի առումով: Ես մեր մրցակիցներին մեծ հարգանքով եմ վերաբերվում, եւ, ինչպես եւ սպասվում էր, նրանք արձագանքում են, որպեսզի պահպանեն շուկայի իրենց մասնաբաժինը: Արձագանք հետեւեց նաեւ բջջային կապի ոլորտում մեր առաջարկներին: Մրցակցությունը գործում է, մարդիկ ընտրության ավելի մեծ հնարավորություն են ստանում, եւ օպերատորներից յուրաքանչյուրը ստիպված է համակերպվել շուկայի նոր իրողություններին: 

Անկեղծ ասած` չգիտեմ, թե ինչպես կզարգանան իրադարձություններն այս տարի: Անհնար է կանխատեսել, թե ինչ կանենք մենք, կամ ինչ կանեն մեր մրցակիցները, սակայն Orange-ի գլխավոր նպատակը ձայնային եւ ինտերնետային ծառայությունների զարգացումն է:

Կարծում եմ, մեր հաճախորդների մեծ մասն օգտվում է նաեւ մեր երկու մրցակիցների ծառայություններից, նրանք փորձարկում են Orange-ը, ինչը բնական է եւ սպասելի: Նրանք դեռեւս օգտվում են երկու, երբեմն նաեւ երեք օպերատորների ծառայություններից: 

- France Telecom-ի փոխնախագահ Օլաֆ Սվանտին 2009թ. սեպտեմբերին հայտարարել էր, որ Orange Armenia-ն մտադիր է Հայաստանում առաջատար դառնալ ինտերնետի ոլորտում եւ երկրորդը բջջային կապի բաժանորդների թվով: Դուք նախատեսու՞մ եք այդ նպատակներին հասնել 2010 թվականին: 
- Դա բացարձակապես անհնար է (ծիծաղում է): Օլաֆ Սվանտին խոսել է երկարաժամկետ հավակնությունների մասին, իսկ այսօր մեր կարճաժամկետ նպատակն ոչ այնքան առաջինը կամ երկրորդը լինելն է, որքան մեր բաժանորդներին որակյալ ծառայություններ մատուցելը: Մենք պետք է աշխատենք տվյալ ուղղությամբ: Երբ մեր կողմից մատուցվող ծառայությունները դառնան անթերի, բաժանորդային բազան կսկսի աճել, եւ Orange Armenia-ն բարձր դիրքեր կզբաղեցնի երկրի բջջային օպերատորների վարկանիշում: 

Սակայն դա ինձ համար առաջնահերթ նպատակ չէ: Մեզ համար առաջնահերթը հաճախորդներին լավ բան առաջարկելն է:

- Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ հեռահաղորդակցային շուկայի կարգավորման հիմքերը:

- Ընդհանուր առմամբ Orange Armenia-ին լիովին գոհացնում են հեռահաղորդակցային շուկայում աշխատանքի կանոնները: Խնդրահարույց միակ կետը վերաբերում էր փոխկապակցմանը, սակայն հարկ է նշել, որ 2009թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ որոշում կայացրեց սակագների աստիճանական իջեցման մասին, ինչը կտեւի մեկուկես տարի, եւ այդ գործընթացն արդեն մեկնարկել է: Դա շատ կարեւոր եւ լավ է շուկայի համար, քանի որ դա կնվազեցնի խոչընդոտներն օպերատորների միջեւ:

- Orange Armenia-ն շահագրգռվա՞ծ է արդյոք Հայաստանում բջջային հեռախոսահամարի փոխանցման (Mobile Number Portability-MNP) ծառայության ներդրմամբ:

- Այդ ծառայության ներդրումն օգտակար կլինի շուկայի համար առհասարակ: Մենք MNP-ի կարիքն ունենք, եւ այդ ծառայության ներդրման համար անհրաժեշտ ներդրումները պետք է բաժանվեն բոլոր օպերատորների միջեւ:

- Չնայած ձեր ընկերությունն աշխատում է ինտերնետային կապի որակի բարելավման ուղղությամբ, Orange-ի ինտերնետային ծառայությունների բաժանորդներից դեռեւս շատ բողոքներ են ստացվում: Ո՞րն է խնդիրների պատճառը, եւ դրանք ե՞րբ կլուծվեն:

- Այո, ես դեռեւս լիովին բավարարված չեմ մեր ինտերնետի որակով: Բայց հիմնական խնդիրն այն է, որ մենք ունենք ավելի շատ բաժանորդներ, քան սպասվում էր: Մեր կանխատեսումներն այնքան էլ ճշգրիտ չէին: Մենք արդեն ունենք ինտերնետ-կապի 10 հազար բաժանորդ, մինչդեռ սպասվող մակարդակը կազմում էր 3-4 հազար: Եվ յուրաքանչյուր բաժանորդ սպառում է ավելի շատ թրաֆիք, քան սպասվում էր: Իսկական ինտերնետ-բում տեղի ունեցավ, եւ մենք ստիպված եղանք շտապ բարձրացնել մեր ցանցի կարողությունները եւ ավելացնել դեպի միջազգային ցանցեր թողունակությունը: Դա արվել է մասամբ, սակայն ոչ ամբողջությամբ: Ամանորյա տոներին, երբ հաճախորդներն ինտերնետից օգտվում էին տնից, թրաֆիքն ավելացել էր: Ներկայումս մենք ցանցի թողունակության զարգացման շատ կարեւոր փուլում ենք, ինչը պետք է արվի արդեն հունվարի կեսին: Դրա արդյունքում, կարծում եմ, մեր ինտերնետ-կապի որակը բավականին ընդունելի կդառնա հաճախորդների ավելի քան 90% համար:

- Ձեր ակնկալիքներով, Orange Armenia-ն ե՞րբ շահույթ կստանա:

- Մենք շահութաբերություն ենք ակնկալում 2012-2013 թվականներին: Դա նորմալ է այս ոլորտի համար: Հեռահաղորդակցային ոլորտի նոր ընկերությունը պետք է նախեւառաջ մեծ ծավալի ներդրումներ կատարի, ինչը բնական է: Մեր դեպքում մենք ծախսել ենք ավելի քան 140 մլն եվրո, ներառյալ արտոնագիրը: Մենք շահույթ չենք ակնկալում 2010 թվականին, սակայն մեր նպատակն է շահույթ ստանալ հնարավորինս շուտ:

- Շատերին հետաքրքրում է, թե ե՞րբ է Orange-ը սկսելու iPhone-ի վաճառքը:

- Բաժանորդները գիտեն Orange-ի այդ մտադրության մասին, եւ մենք կպահենք մեր խոստումը: Մի փոքր հետաձգեցինք, որպեսզի համոզվենք, որ դա նպատակահարմար է: Դեկտեմբերը լավագույն ժամանակաշրջանը չէր iPhone-ի վաճառքը սկսելու համար: Մենք կսպասենք եւս մի քանի շաբաթ: