17:21 | 21.04.09 | Նորություններ | 3052

“ՎիմպելԿոմը” վիճարկում է ՀՀ-ում 3G ցանցի գործարկման մասին “ՄՏՍ”-ի տարածած լուրը

Երեւան /Մեդիամաքս/. “ՎիմպելԿոմ” ընկերությունն այսօր “իրականությանը չհամապատասխանող” է անվանել լուրերն այն մասին, որ “ՄՏՍ”-ն առաջինն է գործարկել Հայաստանում UMTS/HSPA տեխնոլոգիայի վրա հիմնված երրորդ սերնդի (3G) ցանցը: 

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, “ՎիմպելԿոմ” ԲԲԸ մամլո ծառայության հայտարարությունում ասվում է.

“Հինգշաբթի օրը` 2009թ. ապրիլի 17-ին, “ՄՏՍ” ԲԲԸ-ն ընկերության պաշտոնական կայքում (www.mts.ru) հրապարակել է մամլո հաղորդագրություն Հայաստանում 3G  ցանցն առեւտրային շահագործման հանձնելու մասին: Մամլո հաղորդագրությունում ներկայացված տեղեկատվության համաձայն, “ՄՏՍ”-ը առաջինն է Հայաստանում գործարկել UMTS/HSPA տեխնոլոգիայի հիման վրա ստեղծված երրորդ սերնդի ցանց (3G):

Այդ կապակցությամբ “ՎիմպելԿոմ” ԲԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը եւ թյուրիմացության մեջ է գցում ընկերության բաժանորդներին եւ շուկան:

2008թ. հունիսի 19-ին “ԱրմենՏել” ԲԲԸ-ն (Հայաստանի տարածքում` Beeline ապրանքանիշ) հայտարարել էր 3G  ցանցը Երեւան քաղաքում փորձնական-առեւտրային շահագործման հանձնելու մասին: 2008թ. սեպտեմբերի 26-ին Հայաստանում հայտարարվեց 3G  ցանցը առեւտրային շահագործման հանձնելու մասին: Այդպիսով, “ԱրմենՏել” ԲԲԸ-ն (Beeline) գործարկել էր UMTS/HSPA տեխնոլոգիայի հիման վրա ստեղծված երրորդ սերնդի առաջին ցանցը (3G) Հայաստանում:

Անելով այս հայտարարությունը` “ՎիմպելԿոմ” ԲԲԸ-ն հույս ունի, որ այս հերքումը լիովին սպառիչ է ԶԼՄ-ներում վերոհիշյալ չստուգված եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության հետագա տարածումը կանխելու համար”: