14:19 | 21.07.26 | Նորություններ | 192

Viva-ի ջանքերով Արենիում ստեղծվում է քարայրային թանգարան

Արենիում ակտիվ աշխատանքներ են իրականացվում առաջին քարայրային թանգարանի ստեղծման ուղղությամբ: Viva-ի եւ «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի համագործակցության նպատակը հեռանկարային է:

Գործընկեր կազմակերպությունները ձգտում են մինչեւ տարեվերջ հնագույն քաղաքակրթության եւ գինեգործության օրրանը հանրությանն ու աշխարհին ներկայացնել նոր ձեւաչափով՝ քարայրային թանգարանի տեսքով: Դա թույլ կտա պահպանել հնագիտական բացառիկ ժառանգությունը եւ նպաստել Վայոց ձորի զբոսաշրջության, կրթության, գիտության ու տնտեսության զարգացմանը: Ավելին, թանգարանի ստեղծումը կարող է նպաստել, որ «Արենի-1 քարայրը» դառնա նաեւ եզակի գիտակրթական կենտրոն ամբողջ Հարավային Կովկասում: 

Համաշխարհային նշանակության հնագիտական կենտրոնում արդեն ավարտվում են պահարանների եւ ցուցափեղկերի տեղադրման աշխատանքները: Զուգահեռաբար լուծվում են թանգարանի լուսավորության, կահավորման հայեցակարգի եւ անվտանգության ապահովման հարցերը: Հայտնաբերված գունազարդ կարասն արդեն իր տեղն ունի: 

Նախապատրաստվել է նաեւ դրա անիմացիոն ցուցադրությունը: Հիմնադրամն արդեն յոթ տարի հետազոտություններ է իրականացնում Վայոց ձորում: Հետազոտվող շերտերում պահպանվել է մարդկության ձեւավորման վաղ փուլերից մինչեւ մեր օրերի բացառիկ պատմություն: Ուշադրության կենտրոնում են ոչ միայն Արենիի քարայրի, այլեւ Արփա գետի հովտի հնագիտական ժառանգության ուսումնասիրությունները։

«Քարայրային թանգարան ստեղծելու միտքը բավականին ռիսկային էր, որովհետեւ չկա նման փորձ: Մի բան է համարձակ գաղափար ունենալը, մեկ այլ՝ այն նյութականացնելը: Այդպես է նաեւ հնագիտության մեջ: Մի իրավիճակ է, երբ նոր հուշարձան ես պեղում եւ չգիտես՝ ինչ ակնկալել, մեկ այլ՝ երբ շարունակում ես տարիներ առաջ սկսած աշխատանքդ: Viva-ն հավատաց մեր նախաձեռնության կարեւորությանը, գնաց ռիսկի եւ աջակցեց մեզ: Ռիսկեր իհարկե կան, սակայն թանգարանի ստեղծման ընթացքը ցույց է տալիս, որ մեր հույսերը կարդարանան եւ կունենանք շատ լավ արդյունք», - ասել է «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի հիմնադիր, ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Արենիի արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանը:

««Արենի-1» քարայրը ոչ միայն Հայաստանի եզակի հնագիտական հուշարձաններից է, այլեւ համաշխարհային նշանակության ժառանգություն, որը հնարավորություն է տալիս նորովի բացահայտելու մարդկային քաղաքակրթության, մշակույթի եւ գինեգործության ակունքները։ Viva-ի համար մեծ պատիվ է մասնակցել մի նախագծի, որը միավորում է գիտությունը, կրթությունը, ազգային ժառանգության պահպանությունն ու մարզային զբոսաշրջության զարգացումը։ Մենք համոզված ենք, որ Հայաստանում առաջին քարայրային թանգարանի ստեղծումը հնարավորություն կտա արժանավայել ներկայացնելու այս անգնահատելի գտածոները աշխարհին, փոխանցելու դրանց նշանակությունը գալիք սերունդներին եւ նոր խթան հաղորդելու Վայոց ձորի մարզի զարգացմանը։ Աջակցելով նման նախաձեռնություններին՝ մենք ներդրում ենք կատարում ոչ միայն անցյալի պահպանման, այլեւ մեր երկրի ապագայի կերտման գործում», – նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Նյութական ու հոգեւոր մշակույթների կապը ներկայացնող Արենի-1 քարայրում հայտնաբերվել են 6000 տարի առաջ ապրած հասարակության աշխարհընկալմանն առնչվող հազարավոր գտածոներ: Դրանք փոխում են մարդկության վաղ պատմության մասին եղած  պատկերացումները: Թանգարանային ցուցադրության նմուշ դառնալու համար գտածոները Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում անցնում են վերականգնման երկարատեւ գործընթաց։ 

Այս աշխատանքը պահանջում է համբերատար, զգույշ, բծախնդիր եւ պատասխանատու մոտեցում, որպեսզի մեր երկրի  հնագիտական ժառանգությունը եւ համամարդկային նշանակության գտածոներն արժանավայել կերպով ներկայացվեն աշխարհին: 

Քարայրային թանգարանն ունենալու է երկու դահլիճ: Viva-ի աջակցությամբ թանգարանը կկահավորվի ու նաեւ կհագեցվի անվտանգության անհրաժեշտ համակարգով: