12:05 | 22.04.26 | Նորություններ | 910

Ucom-ը մեկնարկում է ածխածնային հետքի կառավարման ծրագիր

Ucom-ը՝ «Արեւորդի» ՀԿ-ի հետ համագործակցությամբ, հայտարարում է բնապահպանական կայունության ուղղությամբ հերթական կարեւոր քայլի մասին՝ մեկնարկելով իր գլխամասային գրասենյակի ածխածնային հետքի համապարփակ գնահատման ծրագիրը։ Այն հիմնված է ջերմոցային գազերի հաշվառման միջազգային ստանդարտի վրա (GHG Protocol)։ 

Այս նախաձեռնությունը ձեւավորվում է այն համատեքստում, երբ կլիմայական փոփոխությունները, կենսաբազմազանության կորուստը եւ բնական ռեսուրսների սպառումը դարձել են ոչ թե ապագայի, այլ ներկայի մարտահրավերներ։

«Ucom-ում մենք հավատում ենք, որ տեխնոլոգիական ընկերությունները պետք է առաջնորդեն բնապահպանական նախաձեռնությունները՝  նպաստելով Հայաստանում ավելի պատասխանատու եւ կայուն ապագայի ձեւավորմանը։ Որպես կանաչ ընկերություն, մենք պատրաստվում ենք  գնահատել եւ հնարավորինս նվազեցնել մեր ընկերության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։  Մենք բնապահպանական կայունությունը դիտարկում ենք ոչ թե որպես առանձին նախաձեռնություն, այլ որպես մեր բիզնեսի եւ երկարաժամկետ ռազմավարության կարեւոր բաղադրիչ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ծրագրի շրջանակներում գնահատվելու են ընկերության գործունեության արդյունքում առաջացող արտանետումները եւ մշակվելու են դրանց նվազեցման հստակ ուղիներ։ Գնահատվելու են գործունեության բոլոր հիմնական ուղղությունները՝ էներգիայի սպառում, տրանսպորտ, թափոններ եւ գնումներ, ջերմոցային գազերի արտանետումներ: 

Այնուհետեւ կմշակվի ածխածնային հետքի կրճատման հստակ ճանապարհային քարտեզ՝ կարճաժամկետ եւ միջնաժամկետ նպատակներով, կներդրվեն մշտադիտարկման մեխանիզմներ՝ արդյունքների շարունակական գնահատման համար, կապահովվի թափանցիկ եւ հաշվետու հաղորդակցություն՝ հանրության եւ գործընկերների հետ։ 

«Այս նախաձեռնությունը կարեւոր քայլ է, որին, կարծում եմ, պետք է հետեւեն Հայաստանի բոլոր ընկերությունները։ Բնապահպանական կայունությունը ցանկացած բիզնեսի երկարաժամկետ զարգացման առանցքային պայմաններից է, եւ ուրախ եմ, որ արդեն տարիներ շարունակ Ucom-ի հետ միասին անցնում ենք այս ճանապարհը»,- նշել է «Արեւորդի» ՀԿ տնօրեն Ս. Քալանթարյանը։

Հայաստանի համար այս գործընթացը ստանում է լրացուցիչ կարեւորություն՝ հաշվի առնելով, որ երկիրը կհյուրընկալի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Սա հնարավորություն է ոչ միայն ցուցադրելու Հայաստանի բացառիկ կենսաբազամազանությունն ու մշակույթը, այլեւ այն, որ Հայաստանում բիզնեսը եւս պատրաստ է ուրվագծել կայուն ապագայի ճանապարհը։

Ucom-ը շարունակելու է զարգացնել իր բնապահպանական նախաձեռնությունները՝ համադրելով տեխնոլոգիական առաջընթացը եւ պատասխանատու բիզնեսի սկզբունքները։