12:13 | 24.06.24 | Նորություններ | 1024
Հունիսի 17-ին AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի է ունեցել Վենետիկի բիենալեին Հայաստանի I-ին մասնակցությանը նվիրված միջոցառում։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Սարյանի տուն-թանգարանի, «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ի եւ Ազգային պատկերասրահի աջակցությամբ Fastex-ի AKNEYE նախագիծն իրականացրել են կարեւոր միջոցառում, որի ընթացքում ներկաները պատմել են, թե ինչպես մեկ դար առաջ Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանը մասնակցել է Վենետիկի 14-րդ բիենալեին՝ ցուցադրելով հայ 6 նկարչի 20 ստեղծագործություն: Օլգա Պեւզները «վերստեղծել է» հայկական պատը, եւ նկարները թվային տարբերակով ցուցադրվել են սրահում՝ նոր շունչ հաղորդելով արվեստի գործերին:
Ելույթ են ունեցել ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանը, «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Էռնա Ռեւազովան, Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը եւ այլք: Ներկա էին Վենետիկի Կա՛ Ֆոսկարիի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը, հյուրեր հյուպատոսարանից եւ բիենալեի կազմակերպչական թիմից:
Fastex-ի գլխավոր գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանն անդրադարձել է ընկերության՝ հայ արվեստը եւ մշակույթը մշտապես կարեւորելու եւ տարատեսակ նախագծերով դրանց աջակցելու պատրաստակամությանը․
«Ֆասթեքսը, որպես տեխնոլոգիական ընկերություն, փորձում է, ըստ էության, համատեղել տեխնոլոգիան եւ արվեստը: Ուրախ ենք, որ իրականացրինք այս նախագիծը, մեր մեծերից Սարյանի արվեստը ներկայացնելով նորովի՝ թվային տեսքով»։
Ելույթներին հետեւել է այդ ամենի մասին վկայող «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմի փակ ցուցադրությունը, որի ամբողջական տարբերակը հնարավոր է տեսնել այստեղ: