15:22 | 23.10.23 | Նորություններ | 16653

Ucom-ն աջակցել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադային

«Յուքոմ» ընկերության աջակցությամբ կայացել է Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքների ամփոփումը։

 Օլիմպիադայում մրցել է 270 մասնակից 14 երկրից։ Այն, ինչպես միշտ, իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլն անցկացվել է 14 մասնակից երկրներում միաժամանակ` ստուգարքի ձեւով, իսկ երկրորդ՝ եզրափակիչ փուլը, որը ներառել է համապարփակ լուծումներ պահանջող ճարտարագիտական բարդագույն խնդիրներ, կայացել է հոկտեմբերի 19-ին Հայաստանում՝ Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտում:

Առաջին փուլին մասնակցած 270 մասնակցից 28-ն անցել է եզրափակիչ փուլ. նրանցից 12-ը Երեւանից է, մյուսները Հայաստան են ժամանել ԱՄԷ-ից, Բելառուսից, Բոսնիա եւ Հերցեգովինայից, Բրազիլիայից, Իրանից, Հորդանանից, Չիլիից, Պերուից, Ռուսաստանից, Սերբիայից եւ Վիետնամից:

«Օլիմպիադայի հիմնական նպատակներից մեկը միկրոէլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների միջազգային համայնքի ձեւավորումն է։ Այս տարիների ընթացքում օլիմպիադային մասնակցել են հարյուրավոր բացառիկ երիտասարդներ աշխարհի ավելի քան 25 երկրներից, որոնք հանդիսանում են վաղվա առաջատար տեխնոլոգիաների կերտողները», - ասել է Օլիմպիադայի Կազմկոմիտեի փոխնախագահ, Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

«Տեխնոլոգիաներն այնպես են զարգացել, որ առանց միկրոէլեկտրոնիկայի հիմա հնարավոր չէ։ Ինքս 18 տարի այս միջոցառման կողքին եմ եղել, կամ ու կլինեմ, որովհետեւ հավատում եմ՝ ապագան անբաժանելի է միկրոէլեկտրոնիկայից, պետք է ամեն ինչ անել այս ուղղությունը խրախուսելու համար, հատկապես հայ երիտասարդների եւ ուսանողների շրջանում։ Ես նույնիսկ որդուս եմ քաջալերել, որ ուսանի միկրոնէլեկտրոնիկա, որովհետեւ դա է ապագան, տեխնոլոգիական հիմքն ու կորիզը, երբ խոսում ենք արհեստական բանականության եւ խելացի լուծումների մասին», - նշել է միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի գլխավոր աջակից՝ «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Օլիմպիադայի առաջին մրցանակակիր է դարձել Նիկոլա Բաբիչը Բոսնիա եւ Հերցեգովինայից, երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆիլիպ Ստեֆանովիչը Սերբիայից, երրորդ մրցանակին արժանացել են Ազրա Ելեզովիչը Բոսնիա եւ Հերցեգովինայից եւ Էդգար Պապյանը Հայաստանից։