15:09 | 05.01.23 | Նորություններ | 2187

Amazon-ն աշխատանքից կազատի 18 000 աշխատակցի

Amazon-ի ղեկավար Էնդի Ջեսսին հայտարարել է, որ ընկերությունը կկրճատի 18 000 աշխատակցի։ Բոլոր ազատվածներին փոխհատուցում է տրվելու, սակայն դրա չափը չի նշվել։

WSJ-ի տվյալներով՝ դա ամբողջ ընկերության մոտավորապես 1,2 տոկոսն է։ Ընդհանուր առմամբ, ընկերությունում 2022 թվականի սեպտեմբերին աշխատել է 1,5 մլն մարդ։

Էնդի Ջեսսին գրել է, որ ընկերությունը սովորաբար հետաձգում է նման հայտարարությունները, մինչեւ կխոսի բոլոր աշխատակիցների հետ, որոնց վրա կազդեն կրճատումները։ Բայց քանի որ թիմի անդամներից մեկից «արտահոսել է այս տեղեկությունը», Amazon-ը որոշել է պաշտոնական հայտարարություն տարածել։ Հունվարի 18-ից աշխատակիցները կտեղեկացվեն աշխատանքից ազատվելու մասին։

2022 թվականի նոյեմբերին NYT-ն հաղորդել էր կրճատումների ավելի փոքր մասշտաբի մասին՝ 10,000 աշխատակից կամ աշխատակազմի 1%-ը: Առաջին հերթին դրանք պետք է ազդեին սարքերի մշակման վրա աշխատող ստորաբաժանումների, մանրածախ առեւտրի եւ մարդկային ռեսուրսների բաժնի վրա։

Աշխատակիցների կրճատումներ կան նաեւ այլ տեխնոլոգիական ընկերություններում: Օրինակ՝ Twitter-ն աշխատանքից հեռացրել է իր աշխատակիցների 50%-ին Իլոն Մասկի կողմից սոցիալական ցանցը գնելուց հետո, իսկ մոդերատորների աշխատակազմը կրճատվել է 15%-ով։ Meta-ն աշխատանքից ազատել է 11 հազար մարդու կամ աշխատակազմի 13%-ին, Salesforce-ը՝ 7 հազար աշխատակցի կամ թիմի 10%-ին։