13:05 | 03.01.23 | Նորություններ | 2415
Թումո լաբերը մեկնարկել է 12-շաբաթյա տեխնոլոգիական ինկուբացիոն ծրագիր EdTech, GreenTech եւ HealthTech ոլորտներում:
Հաղթող երեք թիմի համար նախատեսված է 20 000-ական եվրո նախնական ներդրում, ինչպես նաեւ՝ ինկուբացիոն, ֆոնդհայթայթման աջակցություն եւ մենտորություն:
Ցանկացող անհատները կամ թիմերը կարող են դիմել մինչեւ հունվարի 20-ը: Կընտրվի 18 թիմ, որոնք կստանան վերապատրաստում եւ աջակցություն` իրենց գաղափարները մշակելու եւ կենսունակ ստարտափների վերածելու համար:
Եզրափակիչ հասած մինչեւ 6 մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա մրցանակ 2000 եվրոյի չափով եւ կմասնակցի փիչինգ մրցույթի, իսկ հաղթող թիմերից երեքը կստանա ներդրում` 20 000 եվրոյի չափով:
«Թումո լաբերի միջոցով մենք ինտենսիվորեն աշխատում ենք կարողությունների զարգացման ուղղությամբ այնպիսի հիմնարար ոլորտներում, ինչպիսիք են արհեստական բանականությունը, IoT-ն եւ ընդհանուր նշանակության ծրագրային ապահովման մշակումը։ Ժամանակն է, որ մենք օգնենք լրացնել ստարտափների ձագարի վերին մասը՝ կենտրոնանալով այն ոլորտների վրա, որոնք հսկայական ներուժ ունեն, բայց Հայաստանում քիչ են ներկայացված, օրինակ` կրթության, շրջակա միջավայրի եւ առողջապահության տեխնոլոգիաները։ Մենք անհամբեր սպասում ենք 2023-ի շատ դինամիկ մեկնարկին», - ասել է զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը։
Ծրագրի ընթացքում մասնակիցները կստանան այն հիմնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են բիզնես սկսելու, նախնական առաջարկը վավերացնելու, թիմին փորձարկելու, նոր անդամներ գտնելու եւ գաղափարը հաղթող փիթչի վերածելու համար: Թումո լաբերը կտրամադրի համապարփակ աջակցություն՝ սկսած բիզնես մոդելի մշակումից մինչեւ ստարտափերի խթանման կատարյալ ծրագիր եւ ներդրումների աղբյուր գտնելը:
Ինկուբացիոն ծրագրի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: