10:54 | 24.03.22 | Նորություններ | 1937

«Դասավանդիր, Հայաստան»-ը համագործակցության է հրավիրում Tech4Armenia նախագծի շրջանակում

«Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամը Tech4Armenia նախագծի շրջանակում համագործակցության է հրավիրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին, որոնք պատրաստ կլինեն աշխատակիցներին հնարավորություն ընձեռել դասավանդելու Հայաստանի մարզերում եւ Արցախում՝ պահպանելով իրենց հիմնական աշխատանքը առցանց ձեւաչափով։

Հայաստանի եւ Արցախի դպրոցական համայնքների շուրջ 30%-ում չկան համապատասխան ուսուցիչներ, եւ այդ պատճառով չեն դասավանդվում մի շարք բնագիտամաթեմատիկական առարկաներ։

«Դասավանդիր, Հայաստան»-ը տրամադրում է ամսական ֆինանսական աջակցություն (ի հավելումն իրենց ընկերության կողմից տրամադրվող աշխատավարձի եւ դպրոցի աշխատավարձի) բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին՝ համայնքներում իրենց կացության ծախսերը հոգալու եւ մանկավարժական գործունեություն ծավալելու նպատակով։

Նախաձեռնությունը հավանության է արժանացել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից։

«Tech4Armenia»-ն հնարավորություն է՝ միավորելու պետական, հանրային, մասնավոր կառույցների եւ անհատների ջանքերը մեկ գաղափարի շուրջ, որն է՝  կրթությունը  դարձնել որակյալ եւ հասանելի Հայաստանի եւ Արցախի բոլոր երեխաների համար։