11:01 | 25.11.21 | Նորություններ | 1539

Մեկնարկում է Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական մրցույթը

Tech2Life-ը` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ, մեկնարկում է «Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական մրցույթը»:

Նպատակն է մշակել աջակցող տեխնոլոգիաներ, որոնք կբարելավեն ու կմեծացնեն աջակցության կարիք եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորությունները հասարակության շրջանում։

Մրցույթը տեղի կունենա երկու փուլով, երկու անվանակարգում.

Աջակցող էլեկտրոնային սարքեր,

Աջակցող ծրագրեր։

Մասնակից թիմերը պետք է առաջին փուլում ներկայացնեն իրենց լուծումները սարքավորումային նախատիպերի կամ ծրագրային լուծումների տեսքով, իսկ երկրորդ փուլում հատուկ տեխնիկական եւ նյութական բազայով հագեցած միջավայրում, երեք օր անընդմեջ լուծեն եւ ժյուրիին ներկայացնեն իրենց լուծումները՝ հաշվի առնելով ներկայացված լրացուցիչ պայմանները:

Յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսված են մրցանակներ. առաջին տեղ (1 500 000 դրամ), երկրորդ տեղ (1 250 000 դրամ) եւ երրորդ տեղ (1 000 000 դրամ)։

Մրցույթի ազգային հաղթողը կարժանանա լրացուցիչ 2 500 000 դրամ։

Հաղթող թիմերը հնարավորություն կունենան մասնակցել աջակցող տեխնոլոգիաներին ուղղված աքսելերացիոն ծրագրերի, ինչպես նաեւ ներկայացնել իրենց լուծումները պոտենցիալ ներդրողներին։

Նախաձեռնությունը իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության եւ ներառական զարգացման համար» համատեղ ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից եւ իրականացվում՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ այլ նախարարությունների հետ սերտ գործընկերությամբ:

Մասնակցելու համար պետք է գրանցվել հետեւյալ հղումով. https://atdec.net/registration/