12:10 | 16.11.21 | Նորություններ | 5774

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ մեկնարկել է «Արեւորդի» 10-րդ փառատոնը

Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համագործակցությամբ իրականացվող «Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնն այս տարի համավարակի պատճառով անցկացվում է առցանց:

Հոբելյանական՝ 10-րդ փառատոնի շրջանակում ընտրվել է բնապահպանական 30 ֆիլմ: Հայերեն ենթագրերով ֆիլմերն ընտրվել են աշխարհի տարբեր երկրներից եւ sunchild.am կայքում հասանելի են շուրջօրյա դիտման համար՝ առցանց տարբերակով: Դրանք անդրադառնում են բնապահպանական կարեւոր խնդիրների եւ հանրության տարբեր հատվածների իրազեկում բնության պահպանության՝ գնալով ահագնացող հրամայականի մասին:

«Բնությունը ինքնակարգավորող մեխանիզմներ ունի: Սակայն  չի կարելի դա չարաշահել: Անընդհատ սպառելու մոտեցումը եւ մարդու կողմից անհարկի միջամտությունը կարող են անդառնալի հետեւանքներ թողնել: Անփութության հետեւանքով առաջացած հրդեհները կարող են հաշված րոպեների ընթացքում վերացնել հսկայական հեկտարների վրա աճած անտառը: Դա եւ՛ ծառերի, եւ՛ թթվածնի կորուստ է՝ լի էկոհամակարգի հնարավոր խախտումներով: Տարիներ առաջ, երբ աջակցեցինք բնապահպանական էկո-ակումբների եւ կրթական կենտրոնների ստեղծմանը, նպատակ կար բնապահպանական մտածողություն զարգացնել պատանիների շրջանում: Կարծում եմ՝ մեզ ինչ-որ չափով դա հաջողվել է: Էկոկրթական արշավը պետք է շարունակել նաեւ նոր եկող սերունդների համար: Փառատոնի առցանց, բայց կարեւոր աշխատանքներին հաջողություն եմ մաղթում»,- տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հերթական փառատոնի շրջանակում կազմակերպիչները փորձել են հասարակության ուշադրությունը բեւեռել վայրի բնության եւ բնապահպանությանն առնչվող հարցերի վրա եւ բարձրացնել մարդկանց բնապահպանական գիտելիքների մակարդակը: Թիրախային խմբերում ներառվել են տարբեր շերտեր՝ պատանիներից մինչեւ գործարար հանրություն:

 «Արեւորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնն ունի  ֆիլմերի 4 անվանակարգ.

- Լավագույն ֆիլմ անտառային հրդեհների մասին,
- Լավագույն ֆիլմ վայրի բնության պահպանության մասին,
- Լավագույն ֆիլմ բնապահպանական խնդիրների մասին,
- Լավագույն կրթական ֆիլմ: