17:58 | 26.08.21 | Հոդվածներ | 9124
Incrussia-ի խնդրանքով Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը խոսել է իր հինգ սխալների մասին, որոնք ներկայացնում ենք ստորեւ:
1. Շատ ուշ անցա բաժանորդագրության մոդելի
2012 թվականից մենք մոնետիզացրեցինք Picsart-ը գովազդի միջոցով: Այն ժամանակ դա տարածված մոդել էր, ընդունված էր, որ սմարթֆոնների համար նախատեսված հավելվածները պետք է անվճար լինեն: Արդյունքում բաց թողեցինք այն պահը, երբ հնարավոր էր անցնել բաժանորդագրության. դա արեցինք ընդամենը երեք տարի առաջ:
Սկզբից օգտվողների արձագանքը բացասական էր, բայց ի վերջո պարզվեց, որ դա ճիշտ քայլ է եւ պետք է արվեր ավելի շուտ: Մենք կորցրեցինք եւ՛ դինամիկան, եւ՛ հասույթը, եւ՛ փորձը, քանի որ բաժանորդների հետ աշխատելու յուրաքանչյուր տարին մեզ տալիս է նոր գիտելիքներ, որոնք թույլ են տալիս օպտիմալացնել պրոդուկտը: Դժվար է գնահատել կորուստները՝ գուցե դա տասնյակ միլիոնավոր դոլարների կորսված շահույթ է: Բաժանորդագրության անցումը թույլ տվեց մեզ կենտրոնանալ վերջնական օգտատիրոջ վրա: Նախկինում մենք գովազդից գումար էինք ստանում, եւ մեր KPI- ները կենտրոնացած էին տրաֆիկի և դիտումների քանակի վրա:
Իսկ հիմա մեզ համար կարեւոր է ապահովել բավարար օգուտ վերջնական օգտատիրոջը, որպեսզի նա վճարի դրա համար: Մենք ոչ միայն սկսեցինք ավելի շատ շահույթ ստանալ, այլեւ սկսեցինք ավելի իմաստալից աշխատանք կատարել, ինչը լավ է ընկերության մշակույթի համար: Մենք առաջվա նման ունենք անվճար տարբերակը, որն օգտագործվում է մեծամասնության կողմից, եւ մենք մոնետիզացվում ենք բաժանորդագրությունների փոքր տոկոսի միջոցով, որը ծածկում է մեր ծախսերը եւ թույլ է տալիս աճել:
2. Տարիներ շարունակ պահել եմ անհամապատասխան աշխատակիցներ
Երբ սկսեցինք արագ աճել, վարձեցինք մեծ քանակով նոր աշխատակիցներ Ամերիկայում եւ Ռուսաստանում: Արդյունքում, մեր թիմում հայտնվեցին բազմաթիվ անհամապատասխան մարդիկ, ովքեր չէին հասկանում մեր մշակույթը: Բայց դա չէր հիմնական խնդիրը: Կարծում եմ, որ արագ աճելիս աշխատանքի ընդունման հարցում սխալները նորմալ են: Մեր սխալը այդ մարդկանց ընկերությունում երկար ժամանակ պահելն էր:
Արագ ազատվելու փոխարեն մենք փորձում էինք վերապատրաստել նրանց, բայց մարդկանց փոխելը շատ դժվար է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մշակույթին: Արդյունքում տարիներ շարունակ այդ մարդկանց մի կերպ ձգում էինք: Այժմ մենք կենտրոնանում ենք 6-12 ամսվա ցուցանիշի վրա: Անհրաժեշտ է ժամանակ տալ, որպեսզի մարդը սովորի, մտնի գործի մեջ, սակայն մի քանի ամիս անց արդեն պարզ է՝ թողնել մարդուն, թե հեռացնել:
3. Ուշ ստեղծեցի հավաքագրման սեփական թիմը
Ակտիվ աճի շրջանում արդյունավետ խաղացողներ գտնելը, ովքեր լավ հասկանում են, թե ինչ պետք է անել, ամենամեծ մարտահրավերն է: Մենք երկար ժամանակ կենտրոնանում էինք արտաքին հավաքագրողների վրա եւ բաց թողեցինք այն պահը, երբ անհրաժեշտ էր զարգացնել սեփական թիմը: Մենք կարիք ունեինք մարդկանց, որոնք կարեղ են ոչ միայն վարձել մարդկանց, այլեւ բացատրել նրանց պրոդուկտի առաքելությունն ու մշակույթը: Այս թիմում անբավարար ներդրումները հանգեցրեցին նրան, որ 800 աշխատակից ունեցող մեր խոշոր ընկերությունում բարձր որակավորում ունեցող անձնակազմը կազմում էր նվազագույն տոկոս, գերակշռում էր նախնական կամ միջին մակարդակը:
4. Ներդրումներ չէի անում վերլուծության մեջ
Մեզ մոտ վերլուծությունը միշտ երկրորդ տեղում էր՝ պրոդուկտից հետո: Գործիքի կառուցումից հետո ինժեներները ավելացնում էին անալիտիկան՝ որոշելու, թե ինչպես են մարդիկ օգտագործում այդ գործիքը: Դա արվում էր բավականին ոչ համակարգված, չկային լուրջ փորձարկումներ, կանոններ: Մենք ստանում էին մեծ ծավալի տվյալներ, սակայն նրանք անհուսալի էին եւ դժվար էր դրանց հիման վրա որեւէ որոշում կայացնել: Վերջին երեք տարիների ընթացքում մենք մեծ ներդրումներ ենք անում վերլուծության մեջ, եւ դա սկսում է օգուտ բերել: Եզրակացություն՝ պետք չէ սպասել, թե պրոդուկտը երբ կսկսի աճել, վերլուծությունները պետք է զուգահեռ կատարվեն: Դա օգնում է ճիշտ որոշումներ կայացնել, սխալներն ավելի վաղ հասկանալ:
5. Չէի ընկալում սթրեսը որպես աշխատանքի մի մաս
Երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի հասկանամ, որ սթրեսը բիզնեսի մի մասն է, այլ ոչ թե ինչ-որ արտասովոր բան: Չափից շատ սրտիս մոտ էի ընդունում սթրեսային իրավիճակները, կորցնում էի քունն ու առողջությունը: Սթարթափը՝ թռիչքներ եւ անկումներ է ենթադրում: Հաջողություն մեկ գիշերվա ընթացքում գրեթե երբեք չի լինում: Սթարթափների մեծամասնության թռիչք չկատարելու պատճառն այն է, որ հիմնադիրները չափազանց արագ են «այրվում» եւ հանձնվում ՝ կորցնելով աշխատելու մոտիվացիան: Նրանք որոշում են այլեւս երբեք բիզնեսով չզբաղվել, այլ պարզապես իրենց համար լավ աշխատանք գտնել: Իմ ունեցած յուրաքանչյուր բիզնեսում եղել է առնվազն երկու դեպք, երբ մտածում էի, որ վերջին օրն է:
Սակայն ես սովորեցի հասկանալ, որ ամեն անկում թռիչքի հնարավորություն է ստեղծում, իսկ ցանկացած թռիչք ենթադրում է ընկնելու տարբերակ: Դա հասկանալու համար պետք էր մոտ 10 տարի, այս տարիների ընթացքում ես ինքս ինձ, առողջությանս եւ ապրելակերպիս բավարար ժամանակ չէի տրամադրում: Ուշ սկսեցի զբաղվել մեդիտացիայով եւ քիչ ժամանակ էի անցկացնում ընտանիքիս հետ: Այժմ ես հասկանում եմ, թե ինչպես վարվել ինքս ինձ հետ, եւ դա անում եմ ավելի ու ավելի լավ: