11:11 | 03.03.21 | Նորություններ | 1600

«Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի ժամկետը երկարացվել է մեկ ամսով

Փետրվարի 1-ին մեկնարկած «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի ժամկետը երկարացվել է մինչեւ ապրիլի 1-ը:

Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների համագործակցության արդյունքում մինչեւ ապրիլի 1-ը վերոնշյալ էլեկտրոնային ծրագրի միջոցով` 2 երկրի սահմանային անցման կետերում, լաբորատոր թեստի բացասական արդյունքի հիման վրա անձը կկարողանա հատել երկրի սահմանն ու մուտք գործել ՌԴ:

Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց առաջ անհրաժեշտ է ներբեռնել «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» հավելվածը: Անձնագրով, որով պետք է ճամփորդել, դիմել ՊՇՌ թեստավորում իրականացնող (ծրագրում ընդգրկված) լաբորատորիա, տրամադրել անհրաժեշտ տվյալները, որոնք լաբորատորիայի կողմից ներմուծվում են «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ:

Լաբորատորիան քաղաքացուն կտրամադրի համակարգից գեներացված համաձայնագիր` երկչափ պաշտպանված գծիկային կոդով (QR կոդ):

Քաղաքացին ստորագրում է համաձայնագիրը, ներբեռնում բջջային հավելվածը, սկանավորում QR կոդը, որն առկա է համաձայնագրում եւ հանձնում Covid-19-ի թեստ։

Թեստի արդյունքները լաբորատորիայի կողմից մուտքագրվում են համակարգ, որն արտացոլվում է քաղաքացու կողմից ներբեռնված հավելվածում` QR կոդի գունավորմամբ. դրական պատասխանի դեպքում` կարմիր, բացասականի` կանաչ:

Մեկնելուց առաջ անձը պետք է հավաստիանա, որ մոբայլ հավելվածում թեստի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունն առկա է, եւ ամսաթիվը համապատասխանում է մեկնելու ժամկետին` թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ։ Սահմանը հատելիս ներկայացվում է բջջային հավելվածի QR կոդը։

Նշվում է, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամի թեստի արդյունքներն առանձին սմարթֆոնում պահելու անհրաժեշտություն այլեւս չկա: Գործարկվել է հավելվածի նոր տարբերակը, որը հնարավորություն է տալիս պահպանել ճամփորդող ընտանիքի բոլոր անդամների Covid-19 թեստի արդյունքները մեկ հավելվածում:

Հավելվածը հասանելի է AppStore-ում եւ Google Play-ում: