10:55 | 12.10.20 | Նորություններ | 4160
Հոկտեմբերի 7-8-ը «Երեւան Էքսպո» կենտրոնում տեղի ունեցավ 24-ժամյա հաքաթոն՝ միտված պատերազմական իրավիճակում անհրաժեշտ տեխնոլոգիական լուծումների ստեղծմանը։
Աշխատանքների արդյունքում գեներացվեց շուրջ 20 գաղափար՝ տեղեկատվական անվտանգության իրազեկման, սոցիալական մեդիայի հարթակների օպտիմալացման ու կամավորական աշխատանքների աջակցման ուղղություններով։
Արդյունքում, 30-ից ավել մասնակից աշխատեց չորս նախագծերի շուրջ, որոնք ենթադրում էին առցանց հարթակների ստեղծում կեղծ լուրերի դուրսհանման, հաստատված տեղեկության արդյունավետ տարածման, կամավորների ու կամավոր փնտրող նախագծերի համապատասխանեցման եւ հումանիտար օգնության առավել արդյունավետ հավաքագրման ու բաշխման համար։
Միջոցառումն իրականացավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից նախապես հայտարարված ԱՏ համայնքի մոբիլիզացիայի շրջանակներում։
Հաքաթոնի նպատակը ոչ թե յուրաքանչյուր կատեգորիայի համար հաղթող առանձին թիմ ճանաչելն էր, այլ՝ յուրաքանչյուր ոլորտի համար լավագույն լուծում գտնելը, ինչը հնարավորություն տվեց թիմերին միասին աշխատել վերջնական լուծումներն ստանալու համար:
«Ես շատ տպավորված էի մասնակիցների կոլեկտիվ մտածողության ու առանցքային խնդիրների դասակարգման կարողություններով, ինչպես նաեւ ուժեղ թիմային աշխատանքով, ինչը միտված էր ստեղծելու լուծումներ, որոնք կարող են իրական ազդեցություն ունենալ մեր քաղաքացիների ու հասարակության կյանքում՝ ինչպես այս ծանր օրերին, այնպես էլ հետագայում»,- նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։
Թիմերը ներկայացրին իրենց նախագծերի հիմնավորումներն ու առաջիկա օրերին կաշխատեն վերոնշյալ նպատակներով ձեւավորվող առցանց հարթակների վերջնականացման շուրջ։ ԱՏՁՄ-ի խնդրանքով «ԱրմՍեկ» համայնքի կիբեռանվտանգության մասնագետները կհետազոտեն նախագծերը՝ հաստատելու, որ դրանք համապատասխանում են անվտանգության չափանիշներին։