10:57 | 07.07.20 | Նորություններ | 1833

Արմեն Սարգսյան. Համավարակից հետո ՏՏ ոլորտը եւս վերակառուցվելու է

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:

Հանդիպմանը մասնակցել են «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ» հայաստանյան մասնաճյուղի հիմնադիր նախագահ եւ գործադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, «ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանը, «Գլոբբինգ» ՍՊԸ-ի հիմնադիր Դավիթ Հարությունյանը:

Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի հետեւանքով Հայաստանում եւ ընդհանրապես աշխարհում սպասվելիք եւ արդեն իսկ ի հայտ եկած տնտեսական դժվարություններին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրանք անհանգստացնող են բոլորի համար՝ անհատ ձեռներեցից ու փոքր ստարտափ ունեցողից մինչեւ մեծ ընկերություններ:

«Դուք Հայաստանում համեմատաբար մեծ ընկերություններ եք ներկայացնում: Մեծը չի նշանակում, որ հարուստ եք եւ կարող եք հաղթահարել այս վիճակը,- դիմելով հանդիպմանը ներկա ընկերությունների ներկայացուցիչներին՝ ասել է նախագահ Սարգսյանը: - Մեծը հաճախ նաեւ նշանակում է մեծ խնդիրներ, մեծ բանկային վարկեր, մեծ պատասխանատվություն, մեծ թվով աշխատողներ, որոնք 1000-3000 ընտանիք են: Եթե կան տնտեսական դժվարություններ, որոնք անդրադառնում են ընկերության վրա, ապա բնական է, որ անդրադառնալու են նաեւ այդ մարդկանց վրա:

Թվում է, թե դուք ինչ-որ իմունիտետ ունեք, հեռու եք իրական գործընթացներից, որովհետեւ դա վիրտուալ աշխարհ է, որտեղ մարդիկ ամենասկզբից կարողացել են հեռավորության վրա աշխատել: Թվում է՝ այս ամենը ճիշտ է: Սակայն նաեւ սխալ է, որովհետեւ ձեր ոլորտը եւս վերակառուցվելու է կամ արդեն իսկ վերակառուցման փուլում է: Կան ընկերություններ, որ վերեւ են գնալու, կան ծառայություններ, որոնք տրամաբանորեն ավելի պահանջված են լինելու, եւ կլինեն ոլորտներ, որոնց համար շատ ավելի դժվար է լինելու»:

Ընկերությունների ղեկավարները ներկայացրել են համավարակով պայմանավորված իրավիճակի ազդեցությունն իրենց ոլորտների վրա, խոսել նոր միտումներին հարմարվելու եւ ժամանակակից պահանջներին համապատասխան գործիքներ կիրառելու, սփյուռքի մասնագետների ներգրավման հնարավորությունների մասին: Անդրադարձ է եղել նաեւ ծրագրված միջոցառումներին եւ դրանք առցանց իրականացնելու հնարավորություններին:

Պատասխանելով մասնակիցների հարցերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ կորոնավիրուսի համավարակին հաջորդելու է «ռեսթարթի» գործընթացը, հետեւաբար, ամեն երկիր հնարավորություն կունենա նորից ինքն իրեն ներկայացնել:

«Շատ էական է, որ մենք լավ ներկայացված լինենք,-ասել է նախագահը: -Աշխարհում շատ երկրներ ունեն արտահանումը խթանող կամ օտարերկրյա ներդրումների գործակալություններ: Հայաստանը մեկ գործակալություն պետք է ունենա, որը երկու ուղղությամբ էլ աշխատի՝ հայկական ապրանքը դուրս տանելու, ձեզ աջակցելու եւ հակառակը՝ դրսից ներս բերելու»:

Նախագահն ասել է, որ իր առաջարկությամբ եւ ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) կողմից անցյալ տարի պատրաստված՝ Հայաստանի վերաբերյալ ներդրումային զեկույցում, խոսվում է նման մի կառույցի՝ Արագ արձագանքման աշխատանքային խմբի մասին:

«Պետք է լինի հզոր աշխատանքային խումբ՝ ներառելով եւ՛ հայերի, եւ՛ օտարերկրացիների»,- նշել է Հանրապետության նախագահը, վերստին հիշեցնելով մյուս կարեւոր խնդրի՝ էլեկտրոնային կառավարման մասին:

Նախագահի խոսքով՝ որքան արագ եւ որքան շատ ոլորտներ անցնեն էլեկտրոնային կառավարման, այնքան տնտեսությունն ավելի ապահով կլինի: Արմեն Սարգսյանի կարծիքով՝ այն ոլորտները, որոնք ապագային են միտված եւ առաջնահերթություն են մեր երկրի համար, պետք է նաեւ հարկային արտոնություններ եւ պետական աջակցություն ստանան, հակառակ դեպքում մենք մրցունակ չենք լինելու:

Քաջալերելով ՏՏ ոլորտի ընկերությունների՝ ապագային միտված ծրագրերը, որոնք նաեւ Հայաստանն աշխարհին ներկայացնելու ձեւերից մեկն են, Արմեն Սարգսյանն անդրադարձել է նախագահական նախաձեռնություններին, այդ թվում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին եւ STARMUS փառատոնին:

««Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շուրջ, որը պետք է անցկացվեր Դիլիջանում՝ «Արհեստական բանականությունը եւ աշխարհաքաղաքականությունը» թեմայով, հետաքրքրությունը կրկնակի է: Այսինքն՝ անցյալ տարվա փոքր հաջողությունը ճանապարհ է բացում այն նորից անցկացնելու,- նշել է Հանրապետության նախագահը: -«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը հետաձգվել է հոկտեմբեր: Եթե պայմանները թույլ չտան, հնարավոր է՝ այն իրականացնենք ավելի փոքր ձեւաչափով, եւ նվիրված լինի համավարակներին եւ քաղաքականությանը:

STARMUS փառատոնի հարցում էլ ունենք հաջողություն, եւ, ըստ ամենայնի, մոտ ժամանակներս կհայտարարվի այն Հայաստանում անցկացնելու մասին: Հույս ունեմ, որ մեկ տարի անց այլեւս դիմակներ կրելու կարիք չի լինի, եւ այդ փառատոնը կնպաստի նաեւ զբոսաշրջության աճին:

Ծրագրում ենք նաեւ համաժողով Horasis-China կազմակերպության հետ, որը նախատեսված էր անցկացնել հոկտեմբերին՝ չինական 50 կազմակերպությունների մասնակցությամբ: Այն դեռեւս ուժի մեջ է, սակայն ժամանակը ցույց կտա:

Այն ինչ դուք անում եք գրավիչ է: Ձեր բոլորի շուկան, Հայաստանից բացի, աշխարհն է, սակայն ոտքերին ամուր կանգնելու համար, դուք պետք է Հայաստանում աջակցություն ստանաք»:

Նախագահը ներկայացրել է նաեւ գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված նախագահական ATOM նախաձեռնության հետ կապված աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ համագործակցության վերաբերյալ արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ կան աշխարհի մի շարք խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հետ:

Ամփոփելով զրույցը՝ նախագահը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների սահմաններում աջակցել խնդիրների լուծմանը: