10:48 | 18.06.20 | Նորություններ | 2089

Հայտնի են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կազմակերպած լուսանկարների մրցույթի հաղթողները

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն ամփոփել է «COVID-19 Հայաստանում» լուսանկարների մրցույթի արդյունքները եւ ներկայացրել հաղթողներին:

Մրցույթի նպատակն էր լուսանկարների միջոցով ցույց տալ աշխարհին, թե նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության՝ COVID-19-ի համավարակային մեկուսացման պայմաններում ինչպես է ապրում, ուրախանում, տխրում, հարմարվում ու մտածում հայաստանցին, ով պատմական տարբեր դարաշրջաններում՝ շնորհիվ իր ճկուն մտածելակերպի եւ դրանից բխող գործողությունների, հաղթահարել է տարաբնույթ փորձություններ:

«Մրցույթն աչքի ընկավ մեծ ակտիվությամբ եւ ներկայացված որակյալ աշխատանքներով: Մեզ հետ իրենց ավելի քան 280 աշխատանքներով կիսվեցին 120 մասնակիցներ, որոնց թվում կային թե՛ պրոֆեսիոնալ լուսանկարիչներ եւ թե՛ պարզապես ստեղծարար մտքով օժտված անհատներ։

Հաղթելու արժանի շատ ստեղծագործություններ կային, եւ ժյուրիի առաջ, որում ներգրավված էին անվանի ու փորձառու լուսանկարիչներ, դիվանագետներ, Հայաստանում գործող միջազգային, պետական ու հասարակական կազմակերպությունների ղեկավար ներկայացուցիչներ, բավական բարդ խնդիր էր դրված։ Ֆեյսբուքյան քվեարկության միջոցով հանրությանը եւս հնարավորություն տրվեց մասնակցել անվանակարգերից մեկի հաղթող լուսանկարի ընտրության գործընթացին»,- ամփոփելով արդյունքներն, ընդգծել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Այսպիսով, մրցույթի 1․500․000 ՀՀ դրամ մրցանակային ֆոնդը հավասարապես բաշխվել է հաղթող ճանաչված 3 լուսանկարների հեղինակների միջեւ, հետեւյալ անվանակարգերով՝

Պրոֆեսիոնալ լուսանկար անվանակարգում հաղթել է Գոհար Հակոբյանը: Նրա ներկայացրած լուսանկարում պատուհանի գիշերային արտացոլանքում պատկերված է տղամարդն՝ իր բնակարանում, իսկ պատուհանից այն կողմ՝ շենքերի վառված լույսեր։ Հեղինակի խոսքով, այդ տղամարդը մեկն է այն հազարավորներից, ովքեր գտնվում են ինքնամեկուսացման մեջ COVID-19 համավարակի օրերին։

Զգացմունքային լուսանկար անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Սաքեյանն՝ «Իրարից բաժանող չորս սերունդ ու մի մետր հեռավորություն» լուսանկարի համար:

Facebook-յան հավանումներ անվանակարգում հաղթողը գյումրեցի Արսեն Միրզախանյանի «Կտուր» լուսանկարն է:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն իրականացնում է շատ մարդակենտրոն նախաձեռնություն՝ հնարավորություն տալով հայաստանցիներին կիսվել իրենց կրեատիվությամբ եւ մեկուսացման շրջանում ցուցադրել ոգու տոկոնություն: Շատ ուրախ եմ ընտրող հանձնաժողովի կազմում լինելու համար, մեծ հաճույք ստացա ներկայացված բոլոր աշխատանքներից: Եվրոպական միությունը COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանի կողքին է եւ միասին կհաղթահարենք գոյություն ունեցող մարտահրավերները»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Ներկայացված յուրաքանչյուր լուսանկարում հույս տեսա: Դա դեպի ինքներս մեզ հավատքի մանիֆեստ է, որը չենք կարող կոտրել: Լավ զգացողությունները մեր իմունային համակարգի համար լավագույն վիտամինն են», - ընդգծել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսուտրոն:

«Շնորհակալություն «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին նման հիանալի նախաձեռնության համար, որը մարդկանց հնարավորություն է տալիս բացահայտել իրենց թաքնված լուսանկարչական տաղանդները: Այսպիսի գործունեությունը կօգնի մեզ լավատես մնալ այս ընթացքում, երբ շատ ժամանակ ենք անցկացնում տանը՝ մենակ»,- ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրեյզերը:

«Պահել սոցիալական հեռավորություն չի նշանակում, որ մարդիկ դադարում են միմյանց հետ հաղորդակցվել: Էներգիան, կրեատիվությունը եւ դրական հայացքները՝ հենց սրանք իսկապես նշանակություն ունեն, եւ ներկայացված լուսանկարները ապացուցում են դա»,- նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը: