14:33 | 22.04.20 | Նորություններ | 2515

Պավել Դուրովը խոսել է COVID-19-ի սպառնալիքների եւ իշխանությունների հետ համագործակցության մասին

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը COVID-19 համավարակն անվանել է մարդկության դեմ սպառնալիք եւ խոսել այն քայլերի մասին, որոնք իրականացնում է Telegram-ը՝ դրա դեմ պայքարում:

Նրա խոսքով, մեկուսացումը լավ ժամանակ է, որպեսզի մարդն ավելի լավը դառնա, իսկ տեխնոլոգիաներն՝ իրենց օգտակարությունն ապացուցեն:

Դուրովը նշել է, որ ապրիլի ընթացքում Telegram-ը նույնականացրել եւ առաջխաղացրել է 17 երկրների առողջապահության նախարարություններին պատկանող լրատվական ալիքներ: Նրա խոսքով, թեեւ Telegram-ի համագործակցությունը տարբեր երկրների իշխանությունների հետ նախկինում չի ստացվել, սակայն իրենք որոշել են մեկ անգամ բացառություն անել ամբողջ աշխարհում՝ այդպիսով օգնելով տարածել համավարակի մասին տեղեկատվությունը:

«Համավարակը սպառնալիք է մարդկության տեսակի դեմ: Երբ այն ավարտվի, աշխարհը չի վերադառնա նորմալ առօրյայի: Կարող ենք քաղաքակրթական առաջընթացի ականատեսը դառնալ, որը կտարածվի սերնդեսերունդ: Պետք է վստահ լինենք, որ նոր աշխարհը կլինի ավելի լավը, քան այն մեկը, որը մենք թողեցինք»,- ընդգծել է Դուրովը:

Telegram-ն առաջիկայում մեկուսացման պայմաններում հասանելի կրթության ապահովման ծրագրեր կներկայացնի:

«Կարծում եմ, որ մենք Telegram-ում ոչ միայն պետք է ամեն բան անենք՝ թույլ չտալու ոչ ստույգ տեղեկատվության տարածումը, այլեւ նոր մեթոդներ գտնենք առաջ շարժվելու համար»,- նշել է Պավել Դուրովը: