10:53 | 04.11.19 | Նորություններ | 8232
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) աջակցել են Լոռու մարզի Շնող գյուղում լուսավորության խնդիրը լուծելու հարցում:
Մարզերում ենթակառուցվածքների զարգացումն ու էկո-կենսակերպի խրախուսումը կարեւոր համարող գործընկերները, Գուգարաց լեռնաշղթայի արեւելյան մասում գտնվող այս գյուղում սկսել են LED լուսարձակների տեղակայման աշխատանքները:
Ծրագրով նախատեսվել է լուսավորել 1,4 կմ երկարությամբ հատված, սակայն ուսումնասիրությունների փուլում որոշակի ներդրում կատարելու պատրաստակամություն է հայտնել նաեւ համայնքը: Դրա շնորհիվ, նախապես հաշվարկվածի փոխարեն՝ լուսավորվող հատվածի երկարությունը հասել է 1.8 կմ-ի: LED լուսատուները խնայողության, բնապահպանական արդյունքի եւ լույսի որակի տեսանկյունից, առայժմ անգերազանցելի են:
«Ընթանում է համակարգի ներդրման ավարտական փուլը: Տեղադրված հենասյուների վրա իրականացվում են հոսանքալարերի մոնտաժման եւ լուսարձակների տեղադրման աշխատանքները: Գյուղում տեղադրվելու է էներգախնայող 47 LED լուսարձակ: Շահագործման հանձնելուց հետո, հնարավոր կլինի համեմատել եւ իմանալ փոփոխությունից հետո արձանագրված արդյունքը»,- ասել է ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը:
«Աշխատանքներն ավարտին հասցնելուց եւ համակարգը շահագործելուց հետո, կարող ենք հստակ հաշվարկել ու հասկանալ հին եւ նոր՝ LED լուսարձակների ծախսային տարբերությունը: Թեեւ արդեն իսկ համոզված ենք, որ ծախսը քիչ է լինելու: Ցանկալի կլինի, որպեսզի ապագայում LED-երով փոխարինվեն նաեւ երկրորդական փողոցների լուսարձակները: Հին լուսատուները շատ արագ դուրս են գալիս շարքից, միշտ առաջանում է դրանք նորերով փոխարինելու անհրաժեշտություն, ինչը հանգեցնում է հավելյալ ծախսերի»,- նշել է Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը: