11:35 | 30.09.19 | Նորություններ | 1659

Մինչեւ տարեվերջ «Արմաթ» լաբորատորիաներ կունենա Հայաստանի դպրոցների 50 տոկոսը

2019թ. սեպտեմբերի տվյալներով՝ Հայաստանի դպրոցներում գործում է 284 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա` շուրջ 340 խմբակներով, որոնցում ընդգրկված է ավելի քան 7500 աշակերտ:

Կառավարության որոշմամբ՝ ծրագրի ընդլայնման նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը տրամադրվել է լրացուցիչ 834 մլն ՀՀ դրամ, որի շրջանակում մինչև տարեվերջ լաբորատորիաների թիվը կկրկնապատկվի:

Նորաբաց 284 լաբորատորիաներից 5-ը կբացվի Երևանում, մնացած 279-ը՝ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի դպրոցներում: Արդեն տարեվերջին, պետական և մասնավոր ներդրումներով ՀՀ դպրոցներում կունենանք մոտ 580 լաբորատորիա, այդ թվում՝ Լոռու, Շիրակի և Տավուշի գրեթե բոլոր դպրոցներն ապահովված կլինեն նոր լաբորատորիաներով: Արդյունքում՝ 2019թ. վերջին ՀՀ դպրոցների մոտ 50 տոկոսն ապահովված կլինի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներով:

Ծրագրի պահպանման և զարգացման համար 2018թ. տրամադրվել է շուրջ 180 մլն ՀՀ դրամ, իսկ 2019թ. ավելի քան 1 մլրդ 186 մլն դրամ, այդ թվում` 352.2 մլն դրամը որպես խմբակավարների աշխատավարձ, մնացածը` լաբորատորիաների ձեռքբերման և ներդրման համար: