15:39 | 02.08.19 | Նորություններ | 14606
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, լուսավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը:
«Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում Բարեկամավանում ստեղծվել է արտաքին լուսավորության էներգախնայող և ամբողջությամբ նոր ենթակառուցվածք:
Տեղակայվել է շուրջ 44 LED լուսարձակ: Լուսավորվել է մոտ 1650 մ երկարությամբ տարածություն՝ գյուղի գրեթե բոլոր հիմնական փողոցները: Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի շահագործումը զգալի կրճատում է էներգիայի ծախսը՝ թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը:
Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը և համայնքի բնակիչները:
«Ամեն անգամ, երբ մեզ հաջողվում է որևէ սահմանապահ գյուղի ինչ-որ հարցում օգտակար լինել, ուզում եմ հավատալ, որ մարդիկ չեն կոտրվի, իրենց ավելի ամուր կզգան ու կշարունակեն ապրել տեղում: Լուսավորված փողոցը տեխնիկական խնդրի լուծում չէ: Այն ավելին է, քան կարելի է մտածել: Այս ծրագիրը լուծում է մի քանի խնդիր. ամենակարևորը՝ անվտանգության, ապա՝ սոցիալական, բնապահպանական, հոգեբանական… Պակաս կարևոր չէ նաև մայրաքաղաքի զարգացման տեմպերը գոնե մասամբ այս գյուղերում ապահովելը: Իրականում դա բավական բարդ է, բայց՝ անհրաժեշտ: Տարիների մեր նպատակը հենց դա է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ի տարբերություն այլ լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա: