12:43 | 30.07.19 | Նորություններ | 2920

Menu Group-ը գնել է ուկրաինական Eda.ua ընկերությունը

Menu Group հայկական արմատներով միջազգային ընկերությունը, որին պատկանում են Menu.am, Menu.ge եւ Menu.by առաքման ծառայությունները Հայաստանում, Վրաստանում եւ Բելառուսում համապատասխանաբար, հայտարարել է ուկրաինական առաջատար ընկերության՝ Eda.ua-ի ձեռքբերման մասին:

2017-ին ընկերությունը ներգրավել է $3 մլն ռուսական առաջատար առաքման ծառայության հիմնադրի եւ մի քանի այլ վենչուրային ֆոնդերից, որոնք ուղղվել են ընկերության զարգացման եւ նոր պրոդուկտի (կայք եւ բջջային հավելվածներ) մշակման վրա։ Մոտակա 2 տարիների ընթացքում ընկերությունը պատրաստվում է ավելի քան $10 մլն ներդնել Ղազախստանում, Մոլդովայում, Ուզբեկստանում եւ Ղրղըզստանում առաքման ծառայություն հիմնելու համար։

«Այսօր Menu Group-ը, որը հայկական ամենահայտնի եւ ամենահաջողված ստարտափ ընկերություններից է միջազգային շուկայում, միավորում է ավելի քան 2000 ռեստորան Հայաստանում, Վրաստանում եւ Բելառուսում։ Հայաստանում, ոլորտի առաջատար Menu.am-ը առաքումներ է իրականացնում ավելի քան 400 ռեստորաններից եւ մասնագիտացված խանութներից՝ արդեն 6,5 տարի։ Տարեվերջին Menu Group-ը պլանավորում է իր GMV ցուցանիշը (համախառն առեւտրի ծավալը) հասցնել $35 մլն-ի, ինչպես նաեւ հասնել եկամտի պլանային ցուցանիշի՝ $10 մլն-ի չափով։

Ուկրաինայում ծառայությունը հավատարիմ է մնալու աշխատանքի հիբրիդային մոդելին՝ ինքնուրույն առաքելով պատվերները 10 քաղաքներում եւ աշխատելով, որպես առեւտրային հարթակ, եւս 19 քաղաքներում՝ աստիճանաբար տեղափոխելով Eda.ua-ի 1500-ից ավելի գործընկերներին իր սեփական պլատֆորմ՝ Menu.ua»,- ասված է հաղորդագրությունում:

«Մեզ համար շատ կարեւոր է, որ, առաջին քայլերն անելով Հայաստանում 7 տարի առաջ՝ մեր հայկական փոքրիկ ստարտափը հասավ այնպիսի ընկերություն կլանելու հնարավորության, որը հանդիսանում է առաջատար 45 մլն բնակչություն ունեցող երկրում եւ մատուցում է ծառայություն 29 քաղաքներում։ Այսօր Ուկրաինայում պատրաստի սննդի առաքման շուկայի ծավալները արագ աճում են՝ տարեկան առնվազն 20%-ով։ Eda.ua-ի թիմի հետ պլանավորում ենք դարձնել առաքումն ավելի մատչելի եւ ամրապնդել մեր դիրքերը ուկրաինական շուկայում»,- ասել է Menu Group-ի հիմնադիր Վահան Քերոբյանը։

Պատրաստի սննդի առաքման շուկան Ուկրաինայում, ինչպես նաեւ Հայաստանում, կայուն աճում է, ինչը կապված է շարժական ինտերնետի օգտատերերի թվի ավելացման հետ։ Ուկրաինացիների ավելի քան 60%-ը (25 մլն) օգտվում է ինտերնետից, եւս 15-20%-ը (4-5 մլն) օնլայն սնունդ են պատվիրում։ Այժմ, օնլայն առեւտուրը գեներացնում է ռեստորանների եկամտի մոտ 20%-ը, սակայն այս ցուցանիշը աճում է, որովհետեւ օնլայն պատվերների հաճախականությունը արդեն 2-3 անգամ գերազանցում է այցելությունների ցուցանիշները։

«Ակտիվ ընդլայնումն այլ երկրներում կազմում է Menu Group-ի առաջիկա 3 տարիների մարտավարության մի մասը, որը հաստատվել է ընկերության տնօրենների խորհրդի կողմից»,- նշել է SOLventures վենչուրային ֆոնդի կառավարիչ-գործընկեր եւ Delivery Club ընկերության հիմնադիր Լեւոն Հովհաննիսյանը:

«Որպես Eda.ua նախագծի համահիմնադիր՝ Chernovetskyi Investment Group-ը միշտ կողմ է եղել իր պորտֆելային բիզնեսների ընդլայնմանը եւ համագործակցությանը, այդ իսկ պատճառով մենք մեծ հեռանկարներ ենք տեսնում Menu Group-ի հետ մեր գործարքում»,- մեկնաբանել է CIG ֆոնդի կառավարիչ-գործընկեր Վլադիմիր Կրիվկոն:

Menu Group UK LTD-ը հայկական արմատներով միջազգային ընկերություն է, որը ներառում է սննդի առաքման ծառայություններ Հայաստանում, Վրաստանում եւ Բելառուսում։ Գործունեության 6,5 տարիների ընթացքում ծառայությունը առաքման ծավալներով զբաղեցնում է առաջին տեղը նախկին Խորհրդային Միության երկրներում՝ չհաշված Ռուսաստանը։ Ներկայում ընկերությունը միավորում է մոտ 2000 գործընկեր-ռեստորան։