12:17 | 28.06.19 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 312060
Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն չորրորդ շրջանի շրջանավարտ ստարտափներին:
Virtlo-ն մոբայլ հավելված է, որի օգնությամբ օգտատերերը հեռախոսի տեսախցիկի միջոցով կարող են արագ որոնել մոտակա ցանկացած վայր, միջոցառում կամ զեղչեր, իսկ կազմակերպությունները կարող են օգտատերերին գովազդել իրենց զեղչերը, միջոցառումները կամ պրոմո առաջարկները։
Հավելվածը հասանելի է App Store-ում: Թիրախում են զբոսաշրջիկները, քաղաքի անծանոթ կամ գերհագեցած հատվածում հայտնված եւ արագ որեւէ վայր գտնել ցանկացող օգտատերերը։
Ստարտափի հիմնադիրներն են Խաչատուր Բադալյանը (ղեկավար), Արմեն Մնացականյանը (բիզնեսի զարգացման պատասխանատու, Ֆրանսիա), Դավիթ Թորոսյանը (տեխնիկական ղեկավար): Բացի հիմնադիրներից, թիմն ունի եւս 5 անդամ ինժեներական թիմում։
Itel.am-ի հետ զրույցում Դավիթ Թորոսյանը նշել է, որ հավելվածի IOS տարբերակի հասանելիության առաջին 5 ամիսների ընթացքում այն օգտագործվել է ավելի քան 120 երկրներում, իսկ միջազգային Product Hunt հարթակի կողմից դասվել է «Ընտրված» (Featured) ստարտափների թվում: Հավելվածը ներբեռնած օգտատերերի 25-30 տոկոսը դառնում է ակտիվ օգտատեր։
«Virtlo-ն առանձնանում է կետերի որոնման արագությամբ՝ ընդամենը մեկ կոճակի միջոցով օգտատերը կարող է տեսնել, թե ինչ կա մոտակայքում, ինչպես նաեւ հարմարավետությամբ եւ տվյալների գերհագեցվածությամբ։ Այն հասանելի է աշխարհի ցանկացած կետում, ինչպես նաեւ աշխատում է առանց ինտերնետ հասանելիության, ինչը չափազանց կարեւոր է հատկապես զբոսաշրջիկների համար»,- նշել է նա:
Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագրին մասնակցությունը թիմին տվել է կարեւոր եւ հիմնային գիտելիքներ, այդ թվում՝ ընդհանուր ստարտափ էկոհամակարգի մասին պատկերացում, ստարտափի տեսլականի ձեւավորում, միջազգային շուկա դուրս գալու մեխանիզմներ, ապագա մարտահրավերների պատկերացում։
«Շատ կարեւոր եւ մոտիվացնող էին նաեւ արդեն իսկ հաջողված եւ միջազգային շուկաներում իրենց տեղը գտած ստարտափների հիմնադիրների հետ կազմակերպված հանդիպումները»,- նշել է Դավիթ Թորոսյանը:
Ստարտափի առաջիկա պլաններից են Android-ի եւ Apple Watch-ի համար հավելվածի գործարկումը, բիզնես համագործակցությունը տուրիզմի գլոբալ առաջատար Viator (TripAdvisor) ընկերության հետ՝ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մարքեթինգային ակտիվ գործունեության ծավալումը հայկական եւ ֆրանսիական շուկաներում, ինչպես նաեւ WCIT 2019-ի շրջանակում համագործակցությունը:
Նարինե Դանեղյան