10:49 | 13.06.19 | Նորություններ | 6170

BANA-ի 2-ամյակի կոնֆերանսը միավորել էր հայ եւ եվրոպացի բիզնես-հրեշտակներին

Հունիսի 11-ին «Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը» Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ միավորել էր հայ եւ եվրոպացի գործարար-ներդրողներին:

BANA-ի 2-ամյակին նվիրված ներդրումային համաժողովի հատուկ հյուրերն էին միջազգային Crosspring վենչուրային ընկերության հիմնադիր Մորիս Բեքենդը եւ Մադրիդի բիզնես հրեշտակների ցանցի հիմնադիր Ջեսուս Լոզանոն, որոնք արդեն ներդրումներ են կատարել հայկական ստարտափ թիմերում։

Կոնֆերանսի խոսնակներն էին՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանո Դե Լա Ռոսան, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Նեհերը։

Հոլանդացի ձեռներեց, ներդրող, Crosspring սաղմնային (seed) աքսելերատորի եւ վենչուրային ընկերության հիմնադիր Մորիս Բեքենդ Վերվին Հայաստան է բերել ներդրումային մշակույթի ոլորտում իր մեծ փորձը։ Նա սկսել է հրեշտակային ներդրումներ կատարել 2005 թվականից, ներդնում է ստեղծման փուլում ՏՏ ստարտափների մեջ` ներառյալ հայաստանյան ստարտափները: Մորիսը BANA-ում հրեշտակ ներդրող է, որպես խորհրդատու եղել է կազմակերպության հիմնադրման օրվանից:

BANA-ի ներդրումային կոնֆերանսի նպատակն էր հայ եւ արտասահմանցի գործարարներին ներկայացնելու Հայաստանի ՏՏ ոլորտի ներդրումային միջավայրը եւ GlobalAM ՀԿ-ի նախաձեռնած Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի գործունեությունը, որը ձեռներեցներին հնարավորություն է տալիս կարեւորագույն ներդրումներ անել Հայաստանի ստարտափ էկոհամակարգում։

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը» ծրագրի թիմի ղեկավար Էվա Նեհերը բարձր է գնահատում բիզնես հրեշտակների աջակցությունը ստարտափներին ոչ միայն ֆինանսապես, այլեւ գիտելիքի, փորձի փոխանցման եւ նրանց ուղղորդելու առումով:

«Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցում ներգրաված եվրոպացի ներդրողները արժեքավոր աշխատանք են կատարում այս առումով՝ կիսելով իրենց փորձը եւ հմտությունները հայկական ստարտափ թիմերի հետ», - նշել է նա:

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանոն իր ողջույնի խոսքում շնորհավորել է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցին գործունեության 2-ամյակի առիթով՝ ընդգծելով դրա կարեւորությունը Հայաստանում բիզնես եւ ներդրումային միջավայրի զարգացման համար: Եվրոպական միությունը աջակցում է Business Angel Network of Armenia-ին ԵՄ-ի «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը» ծրագրի միջոցով:

BANA-ի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով՝ այսպիսի բիզնես հանդիպումները հայ-եվրոպական տնտեսական համագործակցությունը կբերեն նոր մակարդակի.

«Ստարտափ էկոհամակարգի կայանալն իսկապես կարեւոր է մեր երկրի համար, եւ ներդրումային միջավայրի զարգացմանն աջակցելու ձեր պատրաստակամության շնորհիվ կայացման գործընթացն ավելի արդյունավետ կլինի»,- նշել է նա:

BANA-ն գործարարներին հնարավորություն է տալիս արդյունավետ ներդրումներ կատարել Հայաստանի ստարտափ էկոհամակարգում։ BANA-ի հրեշտակներն արդեն ներդրում են կատարել 6 թիմում, այժմ բանակցություններ են ընթանում եւս նոր երեք ստարտափ թիմում ներդրումներ անելու համար։