Գործարկվել է Varpet անվճար օնլայն հարթակը, որը թույլ է տալիս ծառայություններ մատուցող մասնագետներին եւ պատվիրատուներին կապ հաստատել` առանց միջնորդ կազմակերպությունների կամ անհատների նեգրավվածության:
Addevice ընկերության կողմից ստեղծված հարթակը հասանելի է AppStore-ում եւ Google Play-ում:
Հարթակը ստեղծողների խոսքով, հավելվածի օգտատերերը եւ վարպետները դրանից օգտվում են անվճար` առանց որեւէ միջնորդավճարի կամ հավելավճարի:
Varpet-ում ներկայում գրանցված են տարատեսակ մասնագիտական հմտություններ ունեցող 500-ից ավելի վարպետներ: Հարթակում կարող է գրանցվել ազատ գրաֆիկով աշխատանքի կարիք ունեցող յուրաքանչյուր վարպետ:
Օգտատերերը կարող են գտնել ինչպես էլեկտրականության, սանտեխնիկայի, վերանորոգման ու ջեռուցման մասնագետներ, այնպես էլ` վարսավիրներ, մատնահարդարներ, այգեպաններ, ֆուրշետների ձեւավորողներ եւ այլն:
«Varpet-ում բոլոր ծառայությունների գները ֆիքսված են եւ համապատասխանում են շուկայական գներին, իսկ պատվիրատուն պարզապես պետք է ընտրի իրեն հետաքրքրող ծառայությունը, պատվերի մեջ նշի վարպետի ժամանման վայրը, օրն ու ժամը, ապա սպասի մինչեւ համապատասխան ծառայությունը մատուցող վարպետը կընդունի պատվերը եւ նշված ժամին կլինի նշված վայրում»,- նշել են ընկերությունում: