15:53 | 28.02.19 | Նորություններ | 9454
ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հերթական համատեղ ծրագիրն են սկսել Տավուշի մարզում:
Ոսկեվանի մանկապարտեզում ակտիվ աշխատանքներ են իրականացվում՝ գոյություն ունեցող ջեռուցման համակարգն արեւային ջրատաքացուցիչով համալրելու ուղղությամբ:
Իրականացվող աշխատանքները շուտով կավարտվեն: Գործընկերներն ակնկալում են արձանագրել ծրագրի ոչ միայն բնապահպանական, այլեւ տնտեսական արդյունավետությունը:
Նոր համակարգը թույլ կտա 40%-ով կրճատել ջեռուցման համար ծախսվող միջոցները, ինչը շատ կարեւոր է այլ խնդիրներ ունեցող՝ սահմանապահ գյուղերի համար:
«Մեր գյուղը սահմանամերձ է, անընդհատ հնչում են կրակոցներ, իրավիճակը լարված է լինում: Չնայած լարվածությանը գյուղում ուշադրություն են դարձնում մատաղ սերնդին: Գյուղում կան երեխաներ, որոնք կարող էին հաճախել մանկապարտեզ, բայց զրկված են դրանից՝ առկա պայմանների պատճառով: Համայնքում կան հրատապ այլ խնդիրներ, որոնք արագ լուծում են պահանջում: Երբ աշխատանքներն ավարտվեն ու հարցը կարգավորվի՝ տնտեսված միջոցները կուղղենք մյուս խնդիրների լուծմանը»,- ասել է Ոսկեվանի վարչական տարածքի ղեկավար Վլադիմիր Ղազինյանը: