11:18 | 07.02.19 | Նորություններ | 2106

2018թ. ՀՀ-ում օգտատերերի 36%-ը համացանցից գրոհի է ենթարկվել

Հայաստանում օգտատերերի ավելի քան մեկ երրորդը կամ 36,47%-ը 2018թ. ենթարկվել է համացանցից գրոհների, այն դեպքում, երբ 2017թ. այդ ցուցանիշը կազմել է 32,81%։

Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։

Ներկայացված տվյալների համաձայն, Ադրբեջանում վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը 2017թ. 35,14%-ից աճել է մինչեւ 35,88% (2018թ.), իսկ Վրաստանում՝ 22,93%-ից  մինչեւ 26,62% (2018թ.)։

Աշխարհում համացանցից օգտվողների համակարգիչների 29,4%-ը 2017թ. ընթացքում առնվազն մեկ անգամ ենթարկվել է Malware դասի վեբ-գրոհի, իսկ 2018թ. այդ ցուցանիշը հասել է 30,01%-ի։

Փորձագետները նշում են, որ վեբ-մոդուլով հուսալի հակավիրուսը պաշտպանում է օգտատերերին վնասաբեր/վարակված վեբ-էջից վնասակար օբյեկտների ներբեռնումից։

«Վնասաբեր կայքերը հատուկ են պատրաստվում չարագործների կողմից։ Նրանք նաեւ ձգտում են կոտրել հնարավորինս շատ օրինական կայքեր եւ այնտեղ ներդնել վնասաբեր սկրիպտներ ու ամենատարբեր նշանակության ծրագրեր՝ կրիպտոարժույթների թաքնված մայներներ, ծածկագրող-շորթող ծրագրերի ներբեռնման փաթեթներ, անձնական եւ բանկային տվյալների գողության համար նախատեսված ծրագրեր։ Վարակված կարող են լինել նաեւ այն վեբ-ռեսուրսները, որոնց բովանդակությունը ստեղծում են օգտատերերը (օրինակ՝ ֆորումները)»,- զգուշացրել են «Կասպերսկի»-ում: