14:41 | 18.01.19 | Նորություններ | 2224

Rambler-ը «կվերակենդանացնի» LiveJournal հարթակը

Rambler Group-ը ծրագրում է վերագործարկել LiveJournal հարթակը՝ բլոգերներին ավելի մեծ լսարան գրավելու հնարավորություններ ընձեռելով:

Այս նպատակով Rambler Group-ը կօգտագործի արհեստական բանականության լուծումներ, «Коммерсантъ»-ի հետ զրույցում հայտնել է LiveJournal-ի ղեկավար Նատալյա Արեֆեւան:

Նա նշել է, որ ամբողջովին թարմացվել է հարթակի տեխնոլոգիական կողմը, հեշտացել է նավիգացիան, առաջիկայում էլ կգործարկի մոբայլ հավելվածը: Նորարարությունների թվում է նաեւ մեքենայական ուսուցման միջոցով կոնտենտի կատեգորիզացիան:

Նատալյա Արեֆեւան նաեւ տեղեկացրել է, որ փոփոխությունները կսկսեն իրականացվել արդեն այս ամիս: Ակնկալվում է, որ տարվա ընթացքում դա կհանգեցնի հարթակի տրաֆիկի 10–15% աճին:

Mediascope Web Index-ի տվյալներով, 2018թ. նոյեմբերին LiveJournal-ի լսարանը կազմել է 11,48 մլն մարդ: Համեմատության համար նշենք, որ 2016թ. այդ ցուցանիշը կազմում էր ամսական 15 մլն, իսկ 2010թ.՝ 20 մլն դիտում: Ի դեպ, հենց այդ ժամանակահատվածում էլ հարթակը բավական մեծ տարածում ուներ Հայաստանում: