12:31 | 14.01.19 | Նորություններ | 3970

Getcontact-ը նորից ակտիվանում է ՀՀ-ում. ինչո՞ւ զգուշանալ

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարել է, որ Getcontact հավելվածը սկսել է գովազդային արշավ համացանցի հայկական տիրույթում եւ կոչ արել չներբեռնել հավելվածը:

«Գործակալությունը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ ներբեռնելով այս հավելվածը ու գրանցվելով դրանում, բացի ձեր անձնական տվյալներից հանրայնացնում եք նաեւ այն մարդկանց տվյալները, ում հեռախոսահամարները գրանցված են ձեր հասցեագրքում»:

Նշվում է, որ ներբեռնելով եւ գրանցվելով GetContact-ում՝ թույլատրում եք հավելվածին՝

- ունենալ հասանելիություն ձեր այնպիսի տվյալների, ինչպիսիք են հեռախոսագրքերը եւ հասցեագրքերը, սոցիալական ցանցերի հաշիվներում առկա տվյալները, նկարները, էլեկտրոնային փոստը, սարքի IP-ն, ինչպես նաեւ զանգերի պատմությունը,

- կիսվել էլեկտրոնային ձեւով ձեր սարքում առկա տեղեկությամբ ցանկացած 3-րդ կողմի հետ,

- գովազդային ու մարքեթինգային ցանկացած նպատակով օգտագործել ձեր սարքում առկա տեղեկությունը,

- հավաքել, վաճառել կամ թույլ տալ 3-րդ կողմին օգտագործել ձեր տվյալները։

«Այս ամենը հաշվի առնելով՝ խորհուրդ ենք տալիս ու հորդորում չներբեռնել եւ չօգտագործել Getcontact հավելվածը՝ չվտանգելու համար ձեր ու այլ մարդկանց անձնական տվյալների գաղտնիության իրավունքը»,- ընդգծել են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում:

Getcontact-ի բազայից սեփական հեռախոսահամարը հեռացնել հնարավոր է այստեղ:

Հիշեցնենք, որ հավելվածը, որի հեղինակներն, ըստ որոշ տեղեկությունների, թուրքեր են, սկսեց տարածվել հայ օգտատերերի շրջանում 2017թ. վերջից: Հավելվածի կայքը հասանելի է հայերենով: