10:56 | 20.12.18 | Նորություններ | 4672

Ռալֆ Յիրիկյանը դասախոսություն է կարդացել ուսանողների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալել է ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության, ինչպես նաեւ ԵՊՏՀ Մարքեթինգի եւ բիզնեսի կազմակերպման ֆակուլտետների ուսանողներին:

Հանդիպման թեման գործարար ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների զարգացումն էր:

Ուսանողական լսարանը մեծ հետաքրքրությամբ լսել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ որպես կայացած ընկերության եւ Ռալֆ Յիրիկյանի՝ որպես կայացած գործարարի հաջողության պատմությունները: Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու գործարար ոլորտում խոչընդոտների հաղթահարմանն ուղղված լուծումներին եւ պատկերացում կազմել կառավարման հմտությունների վերաբերյալ՝ կոնկրետ օրինակներով:

Ընկերությունում նշել են, որ նման ձեւաչափով հանդիպումներն օգնում են ապագա գործարարներին ու տնտեսագետներին ավելի առարկայորեն հասկանալ ընկերության կառավարման համար անհրաժեշտ գործիքակազմի կիրառման ու հաջողության հասնելու ուղիները: Փորձի այսօրինակ փոխանցումը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ բուհում ձեռք բերված տեսական գիտելիքների կիրառման տարբերակները իրական իրավիճակներում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը նշել է, որ հաջողության հասնելու ճանապարհին պետք է պատրաստակամ լինել հաղթահարելու առկա դժվարություններն ու երբեւիցե չընկրկել:

«Դուք կարող եք ինձ հետ չհամաձայնել, սակայն պետք է երախտապարտ լինել ճակատագրին, որ «կոմֆորտի գոտում» չես ապրել: Կյանքի դժվարությունները կոփում են կամքն ու վճռականությունը, ուժ են տալիս հաղթահարելու կասկածներն ու անգնահատելի գիտելիքներ պարգեւում: Նրանք, ովքեր մշտապես գտնվում են հարմարավետության գոտում, այդպես էլ չեն հանդիպում դժվարությունների, չեն կանգնում սահմանափակ ռեսուրսներով մեծ խնդիրներ լուծելու անհրաժեշտության առջեւ, ու հետեւաբար՝ չեն սովորում: Խոչընդոտները ստիպում են մտածել, ուղիներ փնտրել: Իմ անցած տարիներին հետընթաց հայացք գցելով՝ ես երանի չեմ տալիս այն մարդուն, ով իր դեռահասության, պատանեկության ժամանակ նյութական մեծ հնարավորություններ է ունեցել: Այսպես անգամ կարելի է ձախողել ու կորցնել ամեն ինչ: Նա, ով ձեւավորել է հմտություն, ձեռք է բերել գիտելիք, հասել դրանց՝ գործած սխալների հիման վրա, նա այդ գիտելիքներն ու հմտությունները երբեք չի կորցնի, այլ՝ շարունակաբար կկատարելագործի: Եվ, ըստ էության, հենց գիտելիքն ու հմտությունը, ինչպես նաեւ հոգեւոր արժեքներն են մեր միակ անօտարելի սեփականությունը: Ձգտեք ունենալ ինքնություն, այլ ոչ թե՝ պարզապես տիրել նյութական բարիքների»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Հանդիպմանը հաջորդել է ինտերակտիվ զրույց՝ ուսանողների եւ Ռալֆ Յիրիկյանի միջեւ: Գործարարը սիրով պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, իսկ վերջում պատրաստակամություն հայտնել եւս մեկ անգամ հանդիպելու կամ հյուրընկալելու նրանց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում: