15:37 | 05.12.18 | Նորություններ | 13456
Հայաստանում Beeline-ի եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված պրոդուկտի մշակման ճամբարին (product bootcamp) մասնակցող թիմերը ժյուրիին ներկայացրել են իրենց մշակումները։
Լավագույն երկու նախագծի հեղինակ թիմերը կստանան 1,5 մլն դրամի չափով ֆինանսավորում՝ իրենց գաղափարը մեկ քայլ առաջ տանելու եւ պրոդուկտի նախատիպի վերածելու համար։
Նախնական ընտրություն անցած 10 թիմերը, որոնք ներկայացնում էին նորարար տեխնոլոգիական լուծումներ տուրիզմի, ֆինանսաբանկային, առողջապահության սպասարկման եւ այլ ոլորտների համար, անցել են մենթորության փուլ։
Տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ աշխատել են թիմերի հետ եւ օգնել են նրանց ավելի լավ հասկանալ իրենց պրոդուկտի հնարավոր շուկան եւ օգտատերերին, ուրվագծել իրենց պրոդուկտի հնարավոր հատկանիշները (features) եւ կատարել խորը շուկայական հետազոտություն՝ հասկանալու առկա մրցակիցներին եւ նախանշելու իրենց առավելությունները: Թիմերի ներկայացրած գաղափարները գտնվում էին զարգացման մակարդակներում՝ սկսած զուտ գաղափարից մինչեւ առաջին նախատիպի մշակումը։
«Beeline-ը մեծ դեր է խաղում հայկական ստարտափ էկոհամակարգի կայացման, ինչպես նաեւ ստարտափների աջակցության գործում։ Դա շատ կարեւոր է, քանի որ այդպիսով ոչ միայն սատարում ենք տեխնոլոգիաների զարգացմանը, այլեւ օգնում ենք հայ երիտասարդներին կայանալ, ստեղծել իրենց բիզնեսը եւ դուրս գալ միջազգային շուկա։ Այդ իսկ պատճառով շարունակաբար փորձում ենք ներդնել միջազգային փորձը, ինչի արդյունքում այս տարի հեքըթոնը փոխարինել ենք պրոդուկտի մշակման ճամբարով։ Վստահ եմ, մեր մրցույթի բոլոր մասնակիցները մեծ հաջողության կհասնեն եւ իրենց աշխատանքով բազմաթիվ մարդկանց կյանքը կդարձնեն ավելի լավը»,- նշել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Նաիրա Նազարյանը։
«Գաղափարի փուլում գտնվող ստարտափերի համար շատ կարեւոր է մենթորների հետ աշխատանքը, քանի որ նրանք դեռեւս փորձում են հասկանալ իրենց պոտենցիալ պրոդուկտը, շուկան եւ օգտատերին։ Ճամբարի շրջանակում ընտրված թիմերն անցան շատ կարեւոր փուլ, որից հետո նրանց անհրաժեշտ է որոշակի ֆինանսական միջոցներ՝ գաղափարն առաջին նախատիպի վերածելու համար։ Product bootcamp-ի շրջանակում մենք շարունակելու ենք աշխատել թիմերի հետ եւ հետեւել նրանց զարգացմանը եւ փուլ առ փուլ տրամադրելու ենք ֆինանսական միջոցներ»,- ընդգծել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Դեմո օրվա շրջանակում հայկական ստարատափ համայնքը ներկայացնող ժյուրիի անդամները՝ ծանոթանալով թիմերի գաղափարների եւ կատարած աշխատանքի հետ, կընտրեն լավագույն երկու թիմերին, որոնք պրոդուկտի մշակման ճամբարի մոտակա 3 ամիսների ընթացքում կստանան ֆինանսական միջոցներ՝ մշակելու իրենց պրոդուկտի նախատիպը։ Ընտրության հիմնական չափանիշներն են գաղափարի նորարարությունը եւ կիրառելիությունը, ինչպես նաեւ թիմի կազմը, մինչ այս փուլը կատարած աշխատանքը եւ զարգացումը։