15:40 | 23.11.18 | Նորություններ | 16867

ՏՏ ոլորտում 2018թ. ՀՀ պետական մրցանակը կստանա National Instruments-ի համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 2018թ.  դափնեկիրն է «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը։

«Հրավիրելով նման հռչակավոր մարդկանց Հայաստան՝ մենք, բացի նրանց մեծարելուց, նաեւ մեր վերաբերմունքն ենք ցույց տալիս ՏՏ ոլորտին: Մրցանակակիրները դառնում են մեր դեսպանները ողջ աշխարհում՝ բարձրացնելով Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական երկրի համբավը»,- ասել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

«Հայաստանի մրցակցային առավելությունները սերտորեն կապված են ՏՏ ոլորտի հետ։ Եվ պատահական չէ, որ Հայաստանը պետական մրցանակ է շնորհում համաշխարհային ներդրումների համար։ Ներդրումներ, որոնք փոխել են մարդկության կյանքի ընթացքը։ Եվ մենք հպարտ ենք, որ համաշխարհային լեգենդները ամեն տարի այցելելով Հայաստան բարձրացնում են մեր երկրի իմիջն ու ճանաչողությունը»,- ասել է Մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող, Սինոփսիս Արմենիա տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

«Համաշխարհային ՏՏ մրցանակը, որպես Հայաստանում իրականացվող շարունակական նախաձեռնություն, ավելին է, քան աշխարհի ՏՀՏ քարտեզի վրա Հայաստանի դիրքերն ամրապնդելն ու երկիրի հեղինակությունը բարձրացնելը: Չափազանց կարեւոր է, որ մրցանակի շրջանակներում Հայաստան են ժամանում եւ ՏՀՏ համայնքի ու նաեւ երիտասարդների համար դասախոսում այս ոլորտում իրապես նորը ստեղծած մարդիկ, ում դարակազմիկ հայտնագործությունները թելադրել են աշխարհի զարգացման հետագա ուղղությունը: Մրցանակի դափնեկիրները, ինչպես բոլոր ժամանակների հանճարները, չեն նմանակել նախորդներին, չեն անցել ուրիշի տրորած ճանապարհով, չեն ձգտել տեղավորվել մինչ այդ գործող խաղի կանոններում: Հայաստանն ունի մտավոր այն անհրաժեշտ ներուժը, որը թույլ կտա ոչ միայն զարգացնել ՏՀՏ ոլորտը իբրեւ երկրի մրցակցային առավելություն, այլեւ երկարաժամկետ կտրվածքով ստեղծել նոր որակ ՏՀՏ ոլորտում ու արժանապատվորեն կանգնել ՏՀՏ հսկաների հետ կողք-կողքի»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մրցանակը հիմնվել է 2009թ. հուլիսի 6-ին:

Ջեյմս Թրուշարդը 1976թ.  համահիմնադրել է Նեյշնլ Ինսթրումենթս ընկերությունը՝ առաջնորդելով այն ուղղությունն ու մոտեցումները, որով գիտնականներն ու ճարտարագետները  լուծում են համաշխարհային խոշորագույն ճարտարագիտական մարտահրավերները այլընտրանքային էներգիայի աղբյուրների մատչելիության, բնական պաշարների հասանելիության, քաղաքային ենթակառուցվածքների բարելավման, դեղագործության եւ առողջապահական համակարգի զարգացման ու թվայնացման, էկոհամակարգի պահպանման, անհատականացված ուսուցման, վիրտուալ իրականության եւ անվտանգ ու ապահով կիբեռտարածքի ստեղծման եւ այլ կենսականորեն կարեւոր ոլորտներում։

Նրա ղեկավարության ներքո, Նեյշնլ Ինսթրումենթսը ծրագրավորման վրա հիմնված մոտեցմամբ վերասահմանել է թեստավորման եւ չափումների շուկան։ Այս տեսլականն իրականացնելու համար անհրաժեշտ էին մի քանի առանցքային նորարարություններ: LabVIEW-ն այդ նպատակին հասնելու համար առանցքային ծրագրային նորարարությունն էր: LabVIEW-ն կառուցվածքայնացված տվյալների հոսքի ծրագրավորման լեզու է, որը համապատասխանում է չափումներ կատարելու ժամանակ գիտնականների եւ ճարտարագետների մտածելակերպին:

LabVIEW-ի մշակման համար անհրաժեշտ եղավ երկու տարի գաղափարի քննարկումների համար, եւս երկու տարի՝ վերջինիս իրականացման համար:
Դոկտոր Թրուշարդը ծառայեց որպես ղեկավար, իսկ Ջեֆ Կոդոսկին ստեղծեց տեսլականն իրականացնող նախագիծը:

Թրուշարդն ունի էլեկտրատեխնիկական ճարտարագիտության դոկտորի կոչում, ինչպես նաեւ ֆիզիկայի գծով Օսթինի Տեխասի համալսարանից մագիստրոսի եւ բակալավրի աստիճան: