11:37 | 16.11.18 | Նորություններ | 13768

Ucom-ի եւ IE բիզնես դպրոցի նախաձեռնությամբ կայացել է Big Data-ի թեմայով միջոցառում

Նոյեմբերի 15-ին Ucom ընկերության նախաձեռնությամբ Երեւանի Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) հայկական տարածաշրջանային գրասենյակում կայացել է Harnessing the Power of Big Data միջոցառումը։

Մեծ տվյալների ուժի կիրառման ուղիներին ու առանձնահատկություններին նվիրված համաժողովն իրականացվել է Financial Times պարբերականի վարկածով Եվրոպայում 3-րդ տեղն զբաղեցնող հայտնի IE Business School-ի հետ գործակցությամբ։

Վերջին տասնամյակում աշխարհում կուտակվել են աննախադեպ քանակի տվյալներ: Քննարկման ընթացքում ներկայացվել է Big Data աշխարհը, դրա կարեւորությունը եւ կիրառման բազմաթիվ հնարավորությունները։ Հատուկ ուշադրության է արժանացել Big Data-ի կիրառումը բիզնեսում, մասնավորապես՝ փոքր ձեռնարկություններում եւ խոշոր կորպորացիաներում։

Բանախոսները՝ IE Business School-ի դասախոս Քրիստինա Ստատոպուլոսը եւ Ucom ընկերության Մեծ տվյալների բաժնի ճարտարագետ Հայկ Զարգարյանը ներկայացրել են, թե ինչու է բիզնեսն այսօր պայքարում վերլուծության նոր մեթոդներ որդեգրելու համար:

Քրիստինա Ստատոպուլոսի հիմնական գործունեությունն ուղղված է որոնման համակարգի թրենդների ուսումնասիրությանը եւ իսպանական ու միջազգային այլ կազմակերպությունների համար դրանց վերլուծության հիման վրա արված նորարարական բիզնես լուծումների առաջարկներին։ Նա նշել է, որ դա օգնում է բիզնեսը նոր մակարդակի բարձրացնել։

Հայկ Զարգարյանն էլ իր խոսքում նշել է, որ Ucom-ն այն քիչ հայկական կազմակերպություններից է, որը հավաքագրում եւ վերլուծում է իր Big Data-ն: Նա մանրամասնել է այդ գործընթացը եւ պատմել, թե ինչ օգուտ է այն բերում Ucom-ին:

«Բազմիցս ասել եմ, որ Ucom-ը պարզապես կապի օպերատոր չէ։ Մենք թվային ընկերություն ենք՝ դրանից բխող բոլոր մարտահրավերներով ու հնարավորություններով։ Big Data-ին վերաբերող այս մակարդակի հանդիպումները լինելու են շարունակական»,- նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։