11:14 | 16.08.18 | Նորություններ | 5415

Երեւանում քննարկվել է World Wi-Fi նախագիծը ներդնելու հնարավորությունը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Я - предприниматель ձեռնարկության զարգացման ֆոնդի ներկայացուցիչներին:

Հիմնադրամը ներառում է մի շարք տեխնոլոգիական ընկերություններ, այդ թվում՝ World Wi-Fi նախագիծը:

Նախագծի էությունն անվճար ինտերնետ հասանելիությունն է ամբողջ աշխարհում։ Հարթակի օգնությամբ ցանկացած ինտերնետ օգտագործող, ընկերություն թե անհատ, հնարավորություն ունի իր wifi ցրիչից ինտերնետ տրամադրել մոտակայքում գտնվող մարդկանց եւ դրա դիմաց գումար վաստակել։ Անվճար ինտերնետից օգտվել ցանկացողները ստիպված կլինեն նախ առաջարկվող գովազդը դիտել։

Նախագծի ներկայացուցիչների պնդմամբ` սա բազմակողմ շահավետ նախագիծ է։ Շահում է թե՛ wifi ցրիչի տերը, թե՛ անվճար ինտերնետից օգտվողը եւ թե՛ գովազդատուն։ Պետական մարմիններին էլ կհետաքրքրեն այն մեծ ծավալի տվյալները, որ հավաքվում են ինտերնետ օգտագործողների մասին։

World Wi-Fi-ի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել Հայաստանում եւս ներդնել իրենց նախագիծը։ Նախարար Աշոտ Հակոբյանը խոստացել է, որ կքննարկի հարցը տեղական օպերատորների հետ` մրցակցության առումով հնարավոր ռիսկերը հասկանալու համար:

Հանդիպման ավարտին հյուրերը նախարարին հրավիրել են մասնակցելու Պետերբուրգում կայանալիք թվային միջազգային ֆորումին։