12:58 | 20.11.15 | Հոդվածներ | exclusive 155025

Հայկական Let's Twist խաղը՝ Apple-ի Editor’s choice

Հայկական արտադրության Let's Twist խաղը, որը նոյեմբերի 12-ին հայտնվել է App Store-ում, Apple-ի կողմից 78 երկրում Editor’s choice է հռչակվել:

Խաղը մեկ շաբաթ շարունակ գլոբալ առաջխաղացման իրավունք է ստացել 135 երկրներում: Let's Twist-ի ներբեռնող երկրների թոփում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան:

Խաղը ստեղծել է ArmNomads Games թիմը, որը բաղկացած է 3 հոգուց: Թիմի հիմնադիր, գեյմ դիզայներ Արթուր Կարոյանը Itel.am-ին պատմել է, որ խաղը նաեւ Editor’s choice է հայկական AppStore-ում, միաժամանակ՝ առաջատար «լավագույն նոր խաղ» անվանակարգում:

Նրա խոսքով՝ թիմը նախկինում զբաղվել է խաղերի մշակմամբ, սակայն սա առաջին դեպքն է, երբ աշխատել են սեփական կոնտենտի վրա:

«Ցանկանում էինք ինքներս մեզ ապացուցել, որ մեծ բյուջեն եւ հայտնիությունը հաջողության գլխավոր գործոնները չեն: Միաժամանակ, մենք լավ էինք հասկանում, որ ունիվերսալ ինչ-որ բան ստեղծելը շատ բարդ է լինելու, եւ որոշեցինք շեշտը դնել հետաքրքիր դիզայնի եւ երաժշտական ձեւավորման վրա»,- պատմել է նա:



Արթուր Կարոյանի խոսքով՝ այս պահին ներդրողներ չունեն, եւ ամեն ինչ սեփական ուժերով են անում: Նա նշել է, որ ներկայում աշխատում են խաղի կոնտենտի վրա, փորձում ավելացնել խաղի նոր մակարդակներ:

Խաղն այս պահին ունի 6 մակարդակ: Առաջիկա օրերին պատրաստ կլինեն Google Play-ի եւ Amazon-ի համար նախատեսված տարբերակները:

Նարինե Դանեղյան