09:17 | 17.10.15 | Հոդվածներ | exclusive 22617
«Երիտասարդ ծրագրավորողներ» հասարակական կազմակերպությունը ծրագրավորման անվճար դասընթացներ է կազմակերպում ոչ ծրագրավորողների համար՝ նախնականից մինչեւ բարդ փուլեր:
ՀԿ-ի հասարակայնության հետ կապերի եւ ներդրումների հարցերով պատասխանատու Վարդան Պողոսյանը Itel.am-ին պատմել է, որ այս պահին դասընթացին 60 մարդ է մասնակցում:
«Առաջին փուլը մեկնարկել է օգոստոսին: Շաբաթական 3 դաս ենք անում, յուրաքանչյուրը՝ 1 ու կես ժամ տեւողությամբ: Հետագայում ուսանողներին տրամադրում ենք նաեւ լրացուցիչ նյութեր՝ ինքնազարգացման նպատակով: Ծրագրավորում դասավանդում է մեր ՀԿ-ի ծրագրավորման հարցերով ղեկավար Սուրեն Էդիլյանը: Հոկտեմբերի վերջին կավարտվի դասընթացի առաջին փուլը, որից հետո շարունակել ցանկացողները կհանձնեն քննություն: Արդյունքներից ելնելով՝ նրանք կշարունակեն արդեն հաջորդ՝ ավելի բարդ փուլում»,- ասում է նա:
Նա նշում է, որ ծրագրավորման դասընթացը նախատեսված է բոլոր ցանկացողների համար՝ տարիքային եւ այլ տիպի որեւէ սահմանափակում չկա:
«Թիրախային խումբ չունենք, մեզ մոտ գալիս են հետաքրքրված մարդիկ, որոնք ցանկանում են ծրագրավորում սովորել ամենասկզբից եւ աստիճանաբար խորացնել գիտելիքները»,- նշում է նա:
Վարդան Պողոսյանի խոսքով՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կսկսեն նոր խմբի հավաքագրումը:
«Երիտասարդ ծրագրավորողներ» ՀԿ-ն գործում է 2014-ից, սակայն ակտիվ գործունեություն սկսել է ծավալել այս տարվա ամռանից:
Վարդան Պողոսյանը նշում է, որ ներկայում ՀԿ-ն ունի շուրջ 30 գրանցված անդամ: Անդամակցել կարող են ծրագրավորողներն ու ծրագրավորմամբ հետաքրքրվողները:
«Երբ ՏՏ-ի հետ կապ չունեցող մարդը սկսում է սովորել, թե ինչ է տեխնիկան, նրա մոտ սկսում են հետաքրքիր մտքեր առաջանալ: Այդ մտքերն իրականություն դարձնելու համար օգնում ենք կազմավորել թիմ եւ մասնակցել տարբեր հաքաթոնների, մրցույթների: Նաեւ օգնում ենք գաղափարը զարգացնելու հարցում»,- ասում է նա:
Խոսելով աջակիցների մասին՝ Վարդան Պողոսյանն առանձնացնում է Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, որը մեծ աջակցություն է ցուցաբերել դասընթացների կազմակերպման ընթացքում:
«Ֆինանսական աջակցություն դեռ որեւէ մեկից չենք ստանում: Բոլոր ծախսերն ինքներս ենք հոգում, թեեւ ոլորտի անհատների եւ ընկերությունների կողմից որոշակի հետաքրքրություն նկատվում է»,- եզրափակում է նա:
Նարինե Դանեղյան