13:12 | 31.07.15 | Հոդվածներ | exclusive 3108

Windows 10-ը ներկայացվել է Հայաստանում

Հուլիսի 29-ին աշխարհի 190 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, տեղի է ունեցել Windows 10 օպերացիոն համակարգի շնորհանդեսը:

Այդ առիթով Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան գրասենյակի եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (ՄԻԿ Հայաստան) աջակցությամբ կազմակերպվել է երեկույթ՝ նվիրված օպերացիոն համակարգի «ծննդյանը»։ Մայքրոսոֆթ ընկերության ներկայացուցիչ Լեւոն Հովհաննիսյանի ողջույնի խոսքից հետո նոր օպերացիոն համակարգը հանրությանը ներկայացրել է «Մայքրոսոֆթի ուսանող գործընկերների» տեխնիկական ղեկավար Դավիթ Բաբայանը:

Itel.am-ը ներկայացնում է Windows 10-ի հիմնական գործառույթները:

- Windows 10-ը կաշխատի բոլոր սարքերի համար՝ սկսած խելացի ժամացույցներից մինչեւ խաղային համակարգիչներ եւ կլինի վերջինը՝ Windows օպերացիոն համակարգերի շարքում:

Թարմացումներ, իհարկե, կլինեն, սակայն ընկերության հավաստիացմամբ, նոր օպերացիոն համակարգ այլեւս չի լինի: Ի դեպ, ավտոմատ թարմացումների գործառույթն անջատել այլեւս հնարավոր չի լինի:

-Windows 10-ը մեկ տարվա ընթացքում անվճար թարմացում է առաջարկում Windows 7 եւ 8.1 լիցենզիոն տարբերակներ ունեցողների համար: Այդ ժամանակահատվածում չթարմացնելու դեպքում հետագայում հնարավոր չի լինի այն անվճար թարմացնել:  

-Դիզայնի տեսանկյունից այն Windows 7-ի եւ 8-ի խառնուրդ է՝ նախատեսված բոլորի պահանջները բավարարելու նպատակով:

- Օպերացիոն համակարգի ստեղծումն իրականացվել է երկու փուլով՝ գործարանային եւ գործնական փորձեր: Անցած աշնանը ընկերությունն ավարտել է Windows 10-ի ներքին համակարգի ստեղծումը: Ապա հայտարարել է, որ առաջին անգամ օգտվելու է Windows Insider-ների ծառայություններից (կամավորներ, որոնք փորձարկում են նոր օպերացիոն համակարգը եւ Microsoft-ին տեղեկացնում թերությունների եւ լավ կողմերի մասին):

Ստացվում է, որ, ընդհանուր առմամբ, աշխարհում 5 մլն մարդ է մասնակցել Windows 10-ը վերջնական տեսքի բերելու գործընթացին: Հայաստանից եւս մեծ ակտիվություն է նկատվել:

-Windows 10-ը մեկ պլատֆորմ է բոլոր սարքերի համար: Գործնականում բոլոր սարքերն այսուհետ համակարգիչ են՝ Windows 10 օգտագործելու պարագայում: Այսօր 1.5 մլրդ սարք պատրաստ է անցում կատարել Windows 10-ին: Օնլայն խանութը եւս ընդհանուր է բոլոր սարքերի համար, հետեւաբար կարելի է ներբեռնել բոլոր ծրագրերը միասնական խանութից:

-Նոր բրաուզեր. այստեղ լուծված են գրեթե բոլոր խնդիրները, որոնք առկա էին Internet Explorer-ի դեպքում: Կարելի է վեբ էջի վրա ցանկացած նշում կատարել վիրտուալ մարկերով եւ save անել այդ հատվածը:

- Office 2016 փաթեթ՝ հասանելի բոլոր սարքերի համար: Այն հնարավորինս պարզեցված է եւ ֆունկցիոնալ: Փաթեթը վճարովի է եւ ամսական արժե շուրջ 2000 դրամ:

- Այսուհետ Xbox-ի համար գրված բոլոր խաղերը հասանելի են Windows 10-ի օգտատերերի համար՝ համակարգիչներից մինչեւ պլանշետներ:

-Գործարկվել է Windows Hello ծառայությունը, որն օգտագործում է ձեր դեմքը, մատնահետքը կամ աչքը՝ համակարգ մուտքի թույլտվություն ունենալու համար: Դեմքի պարագայում կպահանջվի 3D տեսախցիկ:

-Անձնական ձայնային օգնական Cortana-ն այսուհետ հասանելի է նաեւ համակարգիչների վրա. Դրանով կարելի է անել ցանկացած բան՝ առանց ստեղնաշարին եւ մկնիկին դիպչելու: Միայն ձայնային հրահանգներով կարելի է, օրինակ, խաղ խաղալ:

Նարինե Դանեղյան