Ալեքսիս Օհանյան
15:49 | 27.04.15 | Հարցազրույցներ | exclusive 187233
Ալեքսիս Օհանյանն ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիրն է ու գործադիր տնօրենը:
2011 եւ 2012 թթ. Ալեքսիս Օհանյանն ընդգրկվել է Forbes-ի «30 Under 30» ցանկում՝ որպես տեխնոլոգիական աշխարհի կարեւոր ներկայացուցիչ: 2013թ. Wired ամերիկյան ամսագիրն իր 20-ամյակի հոբելյանական համարում Ալեքսիս Օհանյանին եւ Reddit-ի գլխավոր մենեջեր Էրիկ Մարտինին անվանել է «նորարարության չեմպիոններ»:
Ալեքսիս Օհանյանն ապրիլի 25-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացած HIVE Engineering Leadership Summit-ի գլխավոր բանախոսներից էր:
Itel.am-ի բացառիկ հարցազրույցը Reddit-ի համահիմնադրի հետ:
-Ալեքսիս, Դուք Reddit-ը հիմնադրել եք 22 տարեկանում: Ո՞րն էր Ձեր հաջողության բանաձեւը:
-Ես բավական հաջողակ էի, քանի որ շատ վաղ տարիքից կարողացել եմ օգտվել համակարգչից եւ ինտերնետից: Հետո կարողացա այնպիսի կրթություն ստանալ, որն ինձ օգնեց դառնալ ինքնուս ուսուցիչ կամ ուղղակի ինքնուս: Ինտերնետի շնորհիվ ինքնակրթությունը գիտելիքի անսահմանափակ շտեմարան է:
Առաջին անգամ միջին դպրոցում եմ առնչվել համակարգչի եւ ինտերնետի հետ: Դա 1996թ. էր, եւ ես 13-14 տարեկան էի: Համակարգիչն ու ինտերնետն աստիճանաբար ամեն ինչ փոխեցին:
Այս ոլորտի պարգեւներից է այն, որ այստեղից ստացվող գիտելիքը հիմնականում հասանելի է բոլորին եւ անվճար է: Ես որոշեցի, որ կարող եմ իմանալ ամեն ինչ, եւ դա թերեւս ամենամեծ ներդրումն էր ինձ համար:
-Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել նախնական շրջանում:
-Նախքան Reddit-ը՝ մեկ այլ ընկերություն ունեի: Այն հիմնադրեցի այն ժամանակ, երբ դեռ քոլեջում էի սովորում, եւ այն գոյատեւեց շուրջ 1 ու կես տարի: Ցանկանում էինք աշխատել ռեստորանների հետ, սակայն վերջիններս պատրաստ չէին, որովհետեւ ինտերնետ չունեին: Այսօրվա երիտասարդությունն ունի շատ ավելի մեծ թվով գործիքներ: Շատ ավելի հեշտ եւ էժան է սկսելը: Միակ թերությունն այն է, որ մրցակությունն է մեծ, սակայն այժմ իսկապես լավ ժամանակ է ինչ-որ բան ստեղծելու համար:
-Ալեքսիս, ի՞նչ խորհուրդներ կտաք հայկական ստարտափներին. ինչպե՞ս կարելի է ստարտափը վերածել հաջողակ բիզնեսի:
-Հայկական շուկան մեծ չէ, եւ մարդիկ էլ շատ չեն: Մեծ թվով որակյալ ծրագրեր ստեղծվում են անգլերենով՝ որպես առաջին լեզու: Անգլախոս աշխարհը շատ մեծ օնլայն ներկայություն ունի:
Նույնը կարող է աշխատել նաեւ ռուսախոս շուկայում, սակայն հնարավոր է, որ ստարտափ հիմնելիս որոշակի սահմանափակումներ առաջանան: Սակայն այժմ ես չեմ կարող ասել, թե ինչ պրոդուկտ է օրինակ անհրաժեշտ ստեղծել ռուսական շուկայի համար, քանի որ նախկինում երբեւէ դա չեմ արել:
Ավելի լա՛յն մտածեք՝ հայկական սահմաններից դուրս: Այս դեպքում միշտ բերում եմ Էստոնիայի օրինակը. Skype-ը հիանալի ընկերություն է, որը ստեղծվել է Էստոնիայի պես երկրում, սակայն իրապես գլոբալ հարթակ է եւ իրար է կապում ամբողջ աշխարհը: Ընկերության հիմնադիրները շատ ավելի լայն են մտածել եւ ստեղծել են մի բան, որը կօգտագործեն ոչ միայն էստոնացիները, այլեւ աշխարհը: Իհարկե, կարող եք Հայաստանի համար աշխատող պրոդուկտներ ստեղծել, սակայն միշտ նկատի՛ ունեցեք, որ դա մի օր կարող է դուրս գալ Հայաստանի սահմաններից:
-Ալեքսիս, գիտենք, որ առնչվում եք հայաստանյան ստարտափների հետ:
-Այո, 3 ստարտափի խորհուրդներ եմ տվել (pitching): Հայաստանում այսօր կան ոլորտի չեմպիոններ: Սակայն կարեւոր է եւ անգամ ճակատագրական՝ շարունակել նրանց աջակցել, քանի որ նրանք, այսպես կոչված, ներշնչանքի աղբյուր (role model) եւ օրինակ են մյուս ստարտափների համար: Այժմ նոր ստարտափները կարող են նայել արդեն կայացածներին եւ իրենք իրենց ասել. «Եթե նրանք կարողացել են հասնել հաջողություն, ինչո՞ւ ես էլ չփորձեմ»:
Ես տեսնում եմ սա աշխարհի տարբեր ստարտափ համայնքներում, որոնք նոր-նոր են սկսում զարգանալ: Տեղական համայնքները հիանալի գործ են անում՝ իրար աջակցելով: Եվ երբ նրանցից մեկը հաջողության է հասնում, բոլորն ուրախանում են վերջինիս հաջողություններով, քանի որ գիտեն, որ դա օգնելու է բոլորին: Նորաստեղծ շուկաներում, որտեղ կա հաջողակ ստարտափ, մեծ քանակությամբ այլ ներդրողներ կարող են ներգրավվել:
-Իսկ Դուք երբեւէ ներդրում կկատարե՞ք հայկական ստարտափում:
Լուսանկարը՝ www.tumo.org
-Հնարավոր է: Ինձ համար ամենամեծ հարցն այն է՝ արդյոք այն տեխնիկապես հայկակա՞ն ընկերություն է, թե՞ ոչ: Եթե այն գրանցված է Հայաստանում, ապա պետք է իրավաբանի հետ պարզել, թե ինչ օրենքներ են այստեղ գործում: Եթե հայկական ընկերություն է, սակայն գրանցված ԱՄՆ-ում, ապա գործընթացը շատ ավելի հեշտ է, քանի որ ես գիտեմ՝ ի՞նչ եւ ինչպե՞ս անել:
-Գրանցման հարցից բացի՝ է՞լ ինչ արժանիքներ պետք է ունենա ստարտափը, որպեսզի գրավի Ձեր ուշադրությունը:
-Վաղ շրջանի ստարտափներում ներդրումը նշանակում է ներդրում կատարել հենց հիմնադիրների շրջանում: Չունես մեծ քանակությամբ տեղեկատվություն, քանի որ ամեն ինչ նոր է: Սակայն նաեւ ցանկանում ես տեսնել, թե հիմնադիրները ի՞նչ կարող են ստեղծել եւ ինչի՞ հասնել միասին՝ բավական կարճ ժամանակահատվածում:
-Այսինքն դա մի բան է, որ կառուցվում է ռիսկի եւ վստահությա՞ն վրա:
-Այո՛, եւ ցուցադրված հնարավորությունների: Ահա թե ինչու վաղ շրջանի ներդրողները միշտ ցանկանում են տեսնել, որ ստարտափի հիմանդիրները ստեղծում եմ մի բան, որն իսկապես հետաքրքիր է օգտատերերին, մի բան, որ կարող է աճել:
-Ըստ Ձեզ, ի՞նչ հիմնական սխալներ են գործում հայկական ստարտափները:
-Այդ սխալները միայն հայկական չեն, դրանք բոլոր ստարտափներն էլ անում են:
Շատ հիմնադիրներ շարունակում են թե՛ պրոդուկտի եւ թե՛ իրենց մոտեցումներում փոփոխության փոխարեն անընդհատ նույն բանը անել:
Սխալներից է նաեւ այն, որ համարվողականության գործընթացը արագ չի կատարվում:
Նրանք հաճախ չեն անում այն, ինչն իսկապես կարեւոր է. շատ են մարդիկ, որոնք ոգեւորված են ստարտափ սկսելու մտքով, սակայն կոդ գրելու կամ օգտատերեր ներգրավելու վրա կենտրոնանալու փոխարեն ժամանակ եւ այլ բաներ են ծախսում ոչ այնքան կարեւոր քայլերի վրա:
Շատ հիմնադիրներ նաեւ համահիմնադիրների հարցում են սխալ ընտրություն կատարում, նախապես հստակ չեն բաշխում աշխատանքային պարտականությունները: Ստարտափ սկսելը նման է ամուսնության, որտեղ կարեւոր է վստահությունը:
-Եթե երբեւէ որոշեիք ներդրում կատարել Հայաստանում, միայն ՏՏ ոլո՞րտը կընտրեիք:
-Իհարկե:
-Նույնիսկ ռեստորա՞ն չէիք ցանկանա բացել:
-Գուցե լահմաջոյի կետ բացեի (Ծիծաղում է – խմբ.): Այո՛, խորովածը նույնպես լավ է հնչում, սակայն չգիտեմ` արդյոք կկարողանա՞մ «խորավածանոց» բացել: Այնպես որ՝ լահմաջո (Ծիծաղում է - խմբ.):
-Ալեքսիս, շա՞տ բան է փոխվել Հայաստանում Ձեր վերջին այցից հետո:
-Այո, անցած անգամ 4 տարի առաջ եմ այստեղ եղել, եւ, իսկապես, շատ բան է փոխվել: Քաղաքի կենտրոնում ամեն ինչ նոր է: Ամեն ինչ կտրուկ փոխվել է: Անցած անգամ, երբ «Թումո» այցելեցի, այն դեռ նոր պիտի բացվեր: Շրջեցի կենտրոնում, ծանոթացա կառուցվածքին, սակայն միայն կարող էի պատկերացնել, թե այն ինչպիսին կլինի բացվելուց հետո: Հիմա ես այստեղ եմ, տեսնում եմ արդյունքը, եւ այն հիասքանչ է:
- Ի՞նչպիսին են տպավորությունները System of a Down-ի (SOAD) երեւանյան համերգից:
-Ես SOAD-ի երկրպագուներից եմ: Մեծացել եմ այս խմբի երաժշտությամբ: Հիշում եմ, երբ ներկա էի Վաշինգտոնում նրանց համերգին, կարծում էի, որ դա SOAD-ի՝ իմ այցելած լավագույն համերգն է: Սակայն այժմ վստահաբար կարող եմ ասել, որ SOAD-ի լավագույն համերգը ապրիլի 23-ի երեւանյան համերգն է:
Հիանալի էր վերադառնալ այստեղ ինչպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, այնպես էլ ապրիլի 24-ին ծննդյանս օրը նշելու, SOAD-ի համերգին մասնակցելու եւ հիասքանչ մարդկանց հետ շփվելու համար:
Ալեքսիս Օհանյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը