10:58 | 13.12.17 | Նորություններ | 20669

Ucom-ի աջակցությամբ 8000 մարզաբնակ ակնաբուժական անվճար ծառայություն է ստացել

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) եւ Ucom Հիմնադրամի համագործակցությամբ արդեն երկրորդ տարին է, ինչ մարզերի բնակիչներն ակնաբուժական անվճար ծառայություններ են ստանում:

Այս տարվա աշխատանքները մոտենում են ավարտին. Շիրակի մարզում իրականացվել են ակնային զննումներ: Այժմ Գյումրիում կայանած Աչքի շարժական հիվանդանոցում իրականացվում են խորացված հետազոտություններ, լազերային միջամտություններ, վիրահատություններ եւ այլն:

«Այս նախագծի կարեւորագույն ձեռբերումներից է հազարավոր մարդկանց տեսողության անվճար վերականգնումը: Ուրախալի է, որ այս տարի եւս  մենք կարողացանք աջակցել հատկապես այն մարդկանց, ովքեր սոցիալական բարդ պայմաններում են ապրում ու նույնիսկ չեն երազում վերականգնել իրենց աչքի լույսը: Ժամանակակից տեխնոլոգիաները հիմա առավել, քան երբեւէ օգնում են ոչ միայն ճշգրիտ ախտորոշում անել, վիրահատել ու հետեւել կազդուրման գործընթացին, այլեւ վաղ տարիքից տեղեկացված լինել աչքի առողջության պահպանման կանոններին»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

2017թ. ընթացքում «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում Կոտայքի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում 8000-ից ավելի մարդ ակնային զննում է անցել: 2018թ. սկզբին ծրագիրը կշարունակվի Արագածոտնի մարզում: