10:24 | 20.11.17 | Նորություններ | exclusive 15597

Թոնի Ֆադել. Ձեր ներսում փնտրե՛ք եւ գտե՛ք երազանքը

«Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար եւ բիզնես հրեշտակ Թոնի Ֆադելն անցած շաբաթ Հայաստանում էր՝ 2017թ. ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակը ստանալու համար:

2014թ․Time ամսագիրը Թոնի Ֆադելին ներառել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում:

Այս տարվա հոկտեմբերին Ֆադելը հայտարարեց Future Shape վենչուրային ընկերության հիմնադրման մասին, որը գործում է Փարիզում եւ կենտրոնացած է վաղ շրջանում գտնվող ընկերություններում ներդրումներով:

Itel.am-ը ներկա է գտնվել Հայաստանում Թոնի Ֆադելի հանդիպմանը ՏՀՏ համայնքի ներկայացուցիչների հետ եւ գրի առել գյուտարարի ուշագրավ մտքերը:

Ձախողումների կարեւորության մասին

Ես Սիլիկոնյան հովտում ավելի քան 25 տարի եմ աշխատել, որից առաջին 10-ը եղել են բիզնես ձախողումների տարիներ: Ամեն ձախողումից ես ինչ-որ բան եմ սովորել, ուժ հավաքել, ոտքի կանգնել եւ ստեղծել նոր բան՝ համոզվելով, որ սխալները չեմ կրկնում:

Այստեղ հատկապես կարեւոր է տոկունությունը: 90-ակաների կեսերին ես զբաղված էի փոքրիկ սարքեր ստեղծելով: Ընկերներիցս շատերը կանխազգալով ինտերնետի գալուստը՝ արագ մուտք գործեցին ինտերնետի դաշտ, իսկ ես շարունակեցի զբաղվել այդ սարքերի ստեղծմամբ: Հետո՝ 2001-ին, երբ սեփական ստարտափի վրա էի աշխատում, առաջարկ ստացա Apple-ից: Հարցնում էին՝ պատրա՞ստ եմ գնալ Apple եւ օգնել նախագծել iPod-ը:

Այդպես սկսվեց պատմությունը, բայց դրան նախորդել է ձախողումների երկարամյա շրջան, փորձություններ, որոնց ժամանակ սեփական միջավայրի ստեղծմամբ էի զբաղված, սեփական ես-ը, պատկերացումները առաջ տանելով էի զբաղված, ոչ թե գծած շրջանակի մեջ աշխատելով:

Բիզնես հրեշտակի կարիերայի մասին

Տարիքի հետ հասա մի պահի, երբ որոշեցի տարիների փորձը եւ կուտակած գումարը ներդնել սկսնակ ձեռնարկություններին օգնելու ուղղությամբ:

Ներդրում եմ կատարել ավելի քան 200 փոքր ընկերություններում ամբողջ աշխարհում: Այդ ընկերությունների մեծ մասը գտնվում է Սիլիկոնյան հովտից դուրս: Սակայն նրանց միավորում է մեկ բան՝ բոլորի հիմքում կանգնած են գործի նկատմամբ մեծ նվիրում ունեցող ձեռնարկատերեր: Ուստի ձեզ քաջալերում եմ, որ ձեր ներսում փնտրեք եւ գտնեք երազանքը:

Հրաշալի զգացողություն է, որ հիմա 200-ից ավելի ստարտափների հետ եմ աշխատում: Տեսնում եմ կրակ այդ մարդկանց մեջ, կրակի վրա յուղ եմ լցնում, նրանք այդ կրակը վերցնում են, գնում են առաջ, շուկա են նվաճում:

Մենք, առաջին հերթին, կարեւորում ենք բիզնես պլանը: Պետք է ունենալ աշխարհը տեխնոլոգիական իմաստով փոխող բիզնես գաղափար, ինչպիսիք էին iPhone-ը, iPod-ը: Մենք ընտրում ենք այնպիսի ընկերություններ, որոնք ունեն խոր տեխնոլոգիաներ:  Շուկայում ավանդական գործունեություն իրականացնող ընկերություններին չենք աջակցում:

Սկզբնական շրջանի սխալների մասին

Առաջին սխալը, որ արել եմ, այն էր, որ կարծում էի, թե ինձ շրջապատող մարդկանց օգնությամբ կարող ենք ամեն ինչ անել, իսկ դա այդպես չէ: Պետք է գտնել մեր հերոսներին, մարդկանց, ովքեր դուրս էին այդ շրջանակից: Ավելի շատ ներսում էի պատասխաններ գտնում, իսկ պետք էր դրսից, խելացի մարդկանցից խորհուրդներ եւ աջակցություն ստանալ:

Երկրորդն այն էր, որ եթե մի բան ես ստեղծում, չպետք է դրանով բավարարվես եւ համարես, որ այն բավականաչափ լավն է: Որպես ձեռնարկատեր պետք է հիմնական ուղերձդ ներկայացնես ոչ միայն տեխնոլոգիաների, վաճառքի մասնագետների, գործարարների մասով, այլեւ հաճախորդների մասով: Պետք է նրանց տեղ հասցնես, թե ինչով է քո ստեղծած ապրանքը կարեւոր եւ ինչ խնդիրներ է լուծում:

Apple-ից հեռանալու պատճառների մասին

Ես ապագա կնոջս Apple-ում եմ հանդիպել: Երկուսս էլ Սթիվ Ջոբսի համար էինք աշխատում: Երբ արդեն երկու երեխա ունեինք՝ կես տարեկան եւ մեկ ու կես տարեկան, մի օր ես ու կինս աշխատանքից տուն եկանք, եւ մեր որդին շատ տխուր ու անհանգիստ էր: Փոխարենը, որ վազեր ինձ կամ մոր մոտ, նա վազեց դայակի մոտ: Երբ դու ծնող ես եւ երեխադ ուրիշի մոտ է վազում, դա կոտրում է քո սիրտը: Կարող էինք մնալ Apple-ում եւ հսկայական նոր հաջողություններ գրանցել, բայց  ես եւ կինս հասկացանք, որ երեխաների՝ վաղ տարիքում բացթողած տարիները հետագայում փողով հետ չես բերի: Ուստի որոշեցինք հեռանալ ընկերությունից եւ երեխաներին ավելի շատ ժամանակ հատկացնել:

Հայաստանյան ՏՏ-ի մասին

Հայաստանյան ՏՏ-ի մասին վերջին 25 տարիներին շատ եմ լսել: Ուր էլ գնամ, այդ թվում՝ Հայաստան, միշտ փնտրում եւ գտնում եմ խելացի մարդկանց: Ներդրումներ կատարելու առումով որեւէ սահմանափակում չունեմ: Հայաստանում մի ընկերության մասին եմ լսել, որը թափոններից էներգետիկա է ստանում, հետաքրքրված եմ: Տեսնենք՝ ինչպես ամեն ինչ կընթանա:

Ժամանակը կառավարելու մասին

Ամեն առավոտ 1-2 ժամ մարզվում եմ: Եվ այդ մարզանքն առանց երաժշտության է, նման է շարժական մեդիտացիայի, մտքով անցկացնում եմ երեկվա, այսօրվա եւ վաղվա օրերը: Եվ այդ մեդիտացիոն գործընթացի ընթացքում սկսում են ծնվել նոր գաղափարներ: Դրանից հետո սկսվում է նորմալ աշխատանքային օրը՝ բազմաթիվ հանդիպումներով: Փորձում եմ մաքսիմում տեղեկատվություն ստանալ, թե ինչ է կատարվում աշխարհում, կարդում եմ կյանքի, տեխնոլոգիաների, հասարակության մասին: Միայն այդպես կարելի է ավելի լավ պատկերացնել աշխարհը եւ իրականությունը:

Փորձում եմ նաեւ կյանքից հաճույք ստանալ: Սպորտով եմ զբաղվում, բազմաթիվ համերգների եմ գնում, ընկերներիս հետ եմ ժամանակ անցկացնում: Աշխատանքն ուղեղի համար թթվածնի աղբյուր է, բայց հաճելի գործողությունները կյանքում եւս կարեւոր են: Հանգստյան օրերին փորձում եմ բացառել սոցիալական ցանցերը:

Հաջողության հասնելու մասին

Բոլոր այն մարդկանց, որոնք ցանկանում են ձեռներեց դառնալ, խորհուրդ կտամ բուհը ավարտելուց հետո գտնել հաջողության հասած մեկին եւ աշխատել նրա հետ: Դա չպետք է լինի խորհրդատվական կամ մեծ ընկերություն: Դա կարող է լինել փոքր կամ միջին ընկերություն: Աշխատե՛ք հաջողության հասած մեկի հետ:

Այսօր իմ ընկերությունը Փարիզում գտնվող աշխարհի խոշորագույն ստարտափ ինկուբատորում է, այնտեղ 1000-ից ավելի ստարտափ է ինկուբացիոն շրջան անցնում ամբողջ աշխարհից: Եվ այդ ձեռներեցներից շատերը վերադառնում են իրենց երկրներ այն կապերով, փորձով, որ ստացել են: Տեխնոլոգիապես եւ սոցիալապես անհնար է հաջողության հասնել վակուումի պայմաններում:

Կրթության մասին

Ես 15 տարում 12 դպրոց եմ փոխել: Քոլեջում չեմ սովորել: Մի՛ ակնկալեք, որ կրթությունը ձեզ տալու է կյանքում անհրաժեշտ բանալիները: Չեմ ասում, որ դպրոցը վատ բան է, այն լավ է ինչ-որ բաների համատեքստում: Իսկ մարդիկ սովորում են գործի միջոցով: Ես  իմ առաջին ստարտափը հիմնադրեցի, երբ ավագ դպրոցում էի սովորում: Առաջին չիպը նախագծել եմ մինչեւ էլեկտրականության առաջին դասին հաճախելը: Փորձելով, ձախողվելով միայն կարելի է սովորել: Ես փորձելու ընթացքում իմացա, թե ինչ է ինձ հարկավոր սովորել, ինչն է պակասում, եւ հետո միայն գնացի սովորելու:  

Ապագայի մարդ-մեքենա հարաբերությունների մասին

Կարծում եմ, որ մեքենանները, արհեստական բանականությունը եւ մեքենայական ուսուցումը մեծագույն հզորություն ունեցող տեխնոլոգիաներ են: Գարի Կասպարովը 20 տարի առաջ պարտության մատնվեց Deep Blue գերհամակարգչի կողմից: Այդ ժամանակ բոլորն ասում էին շախմատը վախճանվեց, էլ ոչ մեկ այն չի խաղա, մեքենաները հաղթեցին: Այսօր շախմատն ունի մեծ թվով հետևորդներ եւ մարդիկ օգտագործում են տեխնոլոգիաները՝ ավելի լավ մարզվելու համար: Շախմատն այսօր ավելի քան երբեւէ տարածված է:

Կա նաեւ բացասական կողմ: Մարդիկ կարող են դուրս մղվել տեխնոլոգիաների պատճառով տարբեր ոլորտներից: Ուստի տեխնոլոգիան պետք է դպրոցներում սովորողների համար դառնա օգնող գործիք: Նրանք պետք է սովորեն տեխնոլոգիաների օգնությամբ ավելի շատ բաների հասնել, միաժամանակ՝ այնպես անել, որ մարդկանց համար աշխատատեղերը չվերանան:

Թոնի Ֆադելի մտքերը գրի է առել Նարինե Դանեղյանը