16:54 | 24.10.17 | Նորություններ | 8795
«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը կարծում է, որ բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառությունը հեղափոխական ազդեցություն կունենա տնտեսության բոլոր ոլորտների վրա:
Այս մասին Մանուկ Հերգնյանն ասել է «Հայաստանը՝ բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» թեմայով քննարկման ժամանակ:
«Բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման վերաբերյալ կոնկրետ գնահատական ներկայում դժվար է տալ: Սակայն ակնհայտ է, որ այն հեղափոխական ազդեցություն է ունենալու բազմաթիվ ոլորտների վրա: Շատերը բլոկչեյնը համեմատում են ինտերնետի հետ՝ համարելով, որ դրանով սկսվելու է տնտեսության եւ հասարակության զարգացման մի շրջափուլ, որը շատ նման է լինելու ինտերնետի ազդեցությանը»,- նշել է նա:
Մանուկ Հերգնյանի խոսքով՝ բլոկչեյնն այսօր վերածվել է տնտեսական գործընթացների կարեւորագույն օղակի:
«Գործարքների կնքման՝ աշխարհում գոյություն ունեցող բոլոր վստահության մեխանիզմները ներառում են որեւէ երրորդ կողմի: Դրամական փոխանցումների ժամանակ, օրինակ, այդ դերում հանդես է գալիս բանկը: Մինչդեռ բլոկչեյնը թույլ է տալիս ապահովել գործարքի թափանցիկությունը՝ շրջանցելով միջնորդներին: Սա ֆունդամենտալ հարց է եւ հենց դրանով են պայմանավորված կենտրոնական բանկերի մտավախությունները»,- ընդգծել է նա:
Բլոկչեյն հետազոտությունների եւ զարգացման կենտրոնի (Blockchain R&D Hub) համահիմնադիր Արման Ալեքսանյանն էլ կարծում է, որ Հայաստանը մեծ հավակնություններ կարող է ունենալ աշխարհում բլոկչեյնի զարգացման կենտրոններից մեկը դառնալու հարցում:
«Բլոկչեյն տեխնոլոգիաների նկատմամբ մեծ հետաքրքրություն ենք նկատում ոչ միայն աշխարհում, այլեւ տեղական շուկայում: Բազմաթիվ նոր նախաձեռնություններ ցանկություն ունեն կիրառել այս տեխնոլոգիան կամ փորձում են ուսումնասիրել դրա կիրառման հնարավորություններն իրենց ոլորտում: Հայաստանը բոլոր նախադրյալներն ունի բլոկչեյնի զարգացման կենտրոն դառնալու համար, եւ մենք արդեն ունենք գրանցած հաջողություններ»,- ասել է նա:
Արման Ալեքսանյանի խոսքով՝ Blockchain R&D Hub-ն արդեն իսկ մշակել եւ մի քանի ամիս առաջ թողարկել է թվային ակտիվների շրջանառման առաջին հարթակը՝ DECENT-ը, իսկ ներկայում աշխատում է եւս մեկ հարթակի՝ PUBLIQ մեդիամիջավայրի ստեղծման ուղղությամբ:
Նույն կենտրոնի գործադիր տնօրեն Գագիկ Եղիազարյանն էլ նշել է, որ բլոկչեյնն իրենց համար ավելի շատ լուծում է, քան նպատակ:
«Մենք բավական երկար ժամանակ փնտրում էինք նորարարական լուծում ՝ ստեղծելու մի նոր մեդիամիջավայր, որտեղ ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կունենան ազատ արտահայտվելու եւ ազատ տնտեսական գործունեություն ծավալելու համար: Բլոկչեյնը դարձավ հենց այդ ունիկալ լուծումը, եւ սկսեցինք աշխատել PUBLIQ-ի ստեղծման ուղղությամբ»,- ընդգծել է նա:
Հայաստանի ամերիկյան համալսարանի Ճարտարագիտության քոլեջի դեկան Արամ Հաջյանն էլ բլոկչեյնը համեմատել է Wikipedia-ի հետ: Վերջինս տվյալների ապակենտրոնացված բազա է, որի հաջողված փորձը, ըստ Արամ Հաջյանի, կարող է նախադեպ լինել բլոկչեյնի համար:
Նրա խոսքով՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը փորձում է հետ չմնալ համաշխարհային միտումներից եւ օժանդակում է նորագույն տեխնոլոգիաների տարածմանը Հայաստանում:
«Մեր համալսարանը կարեւոր օղակ է Հայաստանում տեխնոլոգիաների զարգացման, մասնավորապես՝ առաջադեմ տեխնոլոգիաների ուղղություններով մասնագիտացող որակյալ կադրերի պատրաստման գործում: Մենք կարեւորում ենք ապագայի տեխնոլոգիաները, այդ թվում՝ արհեստական ինտելեկտը, բլոկչեյնը, մեքենայական ուսուցումը»,- ընդգծել է Արամ Հաջյանը: