10:08 | 20.03.17 | Հարցազրույցներ | exclusive 93568

    ՏՏ-ն երեկ, այսօր, վաղը. Վազգեն Հակոբջանյան

    Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը վերջին տարիներին Հայաստանում դարձել է տնտեսական հրաշքի բացառիկ օրինակ: Քայլ առ քայլ «այթիշնիկները» ստեղծել են իրենց աշխարհը` հազարավոր աշխատատեղերով ու միջինից մի քանի անգամ բարձր աշխատավարձով, ասել է թե` «տնտեսություն տնտեսության մեջ»:

    Itel.am-ի «ՏՏ-ն երեկ, այսօր, վաղը» շարքում հաջողակ ընկերությունների հիմնադիրներն ու ղեկավարները ներկայացնում են իրենց անցած ուղին եւ խորհուրդներ տալիս սկսնակներին:

    Շարքի այսօրվա զրուցակիցը Teamable ընկերության համահիմնադիր Վազգեն Հակոբջանյանն է:  

    Teamable-ի մասին

    Մի քանի հայ ծրագրավորողների հիմնած Teamable ընկերության ծրագրային ապահովումներն օգնում են տարբեր կազմակերպություններին որակյալ թիմ կազմել եւ կառավարել արդեն առկա մարդկային ռեսուրսները: Այսօր Teamable-ի պրոդուկտներից օգտվում են երկու տասնյակից ավելի ամերիկյան ընկերություններ, որոնց թվում են Uber-ը, Lyft-ը, Medallia-ն, վճարային Stripe համակարգը եւ այլ կազմակերպություններ: Այս ամենին Teamable-ը հասել է երեք տարվա ընթացքում:

    Վազգեն Հակոբջանյանը Վազգեն Հակոբջանյանը
    photo © Մեդիամաքս


    Զրոյից սկսելու ենթակառուցվածքներ

    Յուրաքանչյուր ստարտափի համար կարեւոր գործոն է այն միջավայրը, որտեղից պետք է սկսել աշխատել: Վազգեն Հակոբջանյանի խոսքով` երեք տարի առաջ միջավայրը շատ ավել հում էր, քան հիմա, չկային co-working տարածքներ, կապեր արտասահմանյան ներդրողների հետ եւ այլն, այսօր այդ առումով զգալի առաջընթաց կա:

    «Հիմա կան բազմաթիվ ինկուբատորներ, համատեղ աշխատելու տարածքներ, որտեղից կարող ես սկսել ու զրոյական կետից պրոդուկտ ստանալ: Բացի այդ, Հայաստանը վերջին 3 տարում զգալի առաջընթաց է գրանցել նաեւ տեխնոլոգիաների զարգացման շարժիչի` սիլիկոնային հովտի հետ կապերի, ներդրողների հետ ազատ շփման առումով, ուստի այսօր շատ ավելի մեծ հնարավորություններ կան, քան տարիներ առաջ»,- ասում է Վազգեն Հակոբջանյանը:

    Օգնության կարեւորության մասին

    Վազգենի կարծիքով՝ Հայաստանում նորաստեղծ կազմակերպությունները զգում են մենթորների պակաս, մարդկանց, որոնք մասնագիտական խորհուրդներով ու իրենց փորձով կօգնեն ստարտափերներին:

    «Մեծ ընկերությունները պետք է իրենց հովանու տակ վերցնեն ավելի փոքրերին ու սկսնակներին՝ նրանց մասնագիտական ու բիզնես աճը խթանելու համար: Նույնը կարող ենք ասել նաեւ տնտեսության տարբեր ճյուղերի ընկերությունների մասին: Հեռահաղորդակցության, բանկային, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության եւ այլ ոլորտների ընկերությունների ղեկավարները պետք է գտնեն համապատասխան ուղղվածության ստարտափներին ու աշխատելու, միասին տեխնոլոգիաներ զարգացնելու հստակ առաջարկներ անեն: Այդպես կապիտալը Հայաստանից դուրս չի գա, տնտեսությունն էլ կդառնա ավելի տեխնոլոգիական ու արդյունավետ: Նման փորձեր Հայաստանում որպես կանոն չեն անում: Պատճառները շատ են, հիմնականը` անտեղյակությունն ու նորարարությունների իրական ուժը չգնահատելն է»,- կարծում է Վազգենը:

    Վազգեն Հակոբջանյանը Վազգեն Հակոբջանյանը
    photo © Մեդիամաքս


    Ճանապարհ դեպի մեծ շուկաներ

    Վազգենի խոսքով` հայկական շուկան լավ հարթակ է նորարարությունները կիրառելու ու փորձարկելու համար, քանի որ բոլոր ճյուղերում կա տեղեկատվական տեխնոլոգիաների պակաս: Միջազգային շուկայի ուսումնասիրությունն ու տեղում աշխատանքը հորիզոն կբացեն համաշխարհային մակարդակ դուրս գալու համար:

    «Հայկական ստարտափների մեծամասնությունն իր հեռանկարում ունի Google դառնալու նպատակը (ծիծաղում է – խմբ.): Նույնը չեմ կարող ասել, օրինակ, վրացական ստարտափների համար, որոնք հիմնականում շեշտը դնում են սեփական երկրում սպառող գտնելու վրա: Մենք այսօր ունենք բազմաթիվ նման օրինակներ, երբ հայ ծրագրավորողներն աշխատում են համաշխարհային հսկաների համար, եւ հենց նրանք են մեր դեսպաններն ու ճանապարհ հարթողները»:

    Կրթությունը` հաջողության բանալի

    Տեղեկատվական տեխնոլոգիաներին զուգահեռ, Վազգենի կարծիքով, պետք է զարգացում ապրի նաեւ կրթությունը` դպրոցներից մինչեւ հետբուհական կրթություն:

    «Հայաստանում կրթությունը լավ ավանդույթներ ունի, կարծում եմ` այն պետք է դառնա մեր բրենդը: Հայեցակարգային փոփոխություններ են պետք, որպեսզի այն դառնա մեր բրենդը նաեւ երկրի սահմաններից դուրս: Բժշկական համալսարանը, օրինակ, արդեն երկար տարիներ ընդունում ու կրթում է հնդիկ ուսանողների, որովհետեւ Հնդկաստան վերադարձող ամեն ուսանող դառնում է այդ համալսարանի ոչ պաշտոնական ներկայացուցիչն ու արտացոլումը: Սա ուղղակիորեն կապ ունի նաեւ ՏՏ ոլորտի ու տեխնոլոգիական զարգացման հետ»:

    Սուրեն Ստեփանյան
    Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի