10:19 | 18.11.16 | Նորություններ | 22375
CodeFights հայկական ստարտափը նախօրեին հայտարարել է $10 մլն ներդրում ստանալու մասին։
Ներդրումային A ռաունդը ղեկավարել է e.ventures վենչուրային հիմնադրամը։ Ռաունդին մասնակցել են նաեւ SV Angel-ը, Felicis Ventures-ը, A Capital-ը եւ Granatus Ventures-ը։
CodeFights հարթակն օգնում է ստուգել եւ բարելավել ծրագրավորման մասին գիտելիքները խաղի միջոցով՝ հակամարտելով այլ խաղացողների հետ:
TechCrunch-ի հետ զրույցում CodeFights-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Տիգրան Սլոյանը պատմել է, որ ընկերության օգտատերերի թիվը 2015թ. ապրիլին ստացված $2.4 մլն սաղմնային ներդրումից հետո աճել է 10 անգամ։
CodeFights-ը պատրաստվում է օգտագործել ներդրումը՝ մեծացնելու իր ինժեներական, օպերացիոն եւ վաճառքի թիմերը։ Ընկերությունն աշխատում է նաեւ նոր կրթական գործիքների ներդրման ուղղությամբ՝ սովորեցնելու սկսնակներին եւ արդեն պրոֆեսիոնալ ծրագրավորողներին նոր հմտություններ։
Հարթակում ծրագրավորողները գրանցվում են եւ սկսում խաղալ միմյանց կամ ընկերության ստեղծած բոտերի դեմ։ Արդյունքում կան լիդերներ, տրվում են միավորներ, որոնք թույլ են տալիս հասկանալ խաղացողի հմտությունների զարգացման աստիճանը ժամանակի ընթացքում։
Ընկերություններն էլ իրենց հերթին կարող են օգտագործել հարթակն անվճար հիմունքներով, մինչեւ այն պահը, երբ հարթակից ծրագրավորողի կընդունեն իրենց մոտ աշխատանքի։ Այդ դեպքում CodeFights-ը ստանում է աշխատանքի ընդունվողի 1 տարվա աշխատավարձի 15%-ը։