15:54 | 09.11.16 | Նորություններ | 12375

«ԱրմենՏել»-ն արձագանքել է ՏՄՊՊՀ նախազգուշացմանը

«ԱրմենՏել» ընկերությունը մեկնաբանություն է տարածել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) այսօր տարածած հաղորդագրության կապակցությամբ:

«ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր 16.05.2016թ. որոշմամբ հարուցել է վարչական վարույթ «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա: Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթը դադարեցվել է 25.07.2016թ. Թիվ 47 որոշմամբ`հաշվի առնելով, որ վարչական վարույթի ընթացքում «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտման փաստ չի հայտնաբերվել: Հետեւաբար, հանձնաժողովի կողմից ընկերությանը տրված նախազգուշացման որոշումն անհիմն է եւ բողոքարկված է ՀՀ Վարչական դատարանում:

Ինչ վերաբերում է «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ին, ապա, վերջինիս նկատմամբ ընկերության դիմումի հիման վրա Գնումների աջակացման կենտրոնին ներկայացվել է հայտ մրցույթների մասնակցության իրավունք չունեցող անձանց ցուցակում ներառելու մասին: Դիմումի համար հիմք է հանդիսացել «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ի կողմից մրցույթին ոչ ճիշտ տվյալներ ներկայացնելը, որով վերջինս խախտել է մրցույթի կանոնները: Ուստի ակնհայտ է, որ «ԱրմենՏել»–ի կողմից որեւէ սահմանափակում տեղի չի ունեցել, քանի որ «ԱրմենՏել»–ը գործում է բոլորովին այլ ծառայությունների շուկայում:

Նշենք, որ այդ առումով մենք միակ պատվիրատուն չենք, «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ի նկատմամբ պատվիրատու է հանդիսանում նաեւ Հենակետային քոլեջը»,- ասված է «ԱրմենՏել»-ի մեկնաբանությունում: