Սոֆյա Առաքելյանը
14:39 | 27.09.16 | Հարցազրույցներ | exclusive 23976
Վերջերս լույս է տեսել Սիլիկոնյան հովտում աշխատող PR եւ մարքեթինգի ռազմավարության փորձագետ Սոֆյա Առաքելյանի «Տեխնոլոգիական ընկերությունների PR առաջընթացի հիմնադրույթները» գիրքը:
Սոֆյա Առաքելյանն աշխատել է Wakie ստարտափում՝ վերջինիս օգնելով տարածվել ամերիկյան շուկայում, ինչպես նաեւ Սիլիկոնյան հովտում գործող GVA Vestor.In վենչուրային հիմնադրամում:
Գրքի տպագիր տարբերակն արդեն վաճառքում է Հայաստանում: Հնարավոր է ներբեռնել նաեւ անվճար էլեկտրոնային տարբերակը՝ այստեղից:
Itel.am-ը գրքի շուրջ զրուցել է Սոֆյա Առաքելյանի հետ:
- Ո՞րն է գրքի հիմնական ուղերձը:
- Սա իմ առաջին գիրքն է, որտեղ միակ հեղինակն եմ: Նախորդ երկու գրքերս համագործակցություն էին այլ հեղինակների հետ: Գրքի վրա ինտենսիվ սկսել եմ աշխատել 2 տարի առաջ եւ շատ ուրախ եմ, որ այն այս տարի հրապարակվեց:
Վերջին 10 տարիներին խորացել եմ տեխնոլոգիական ոլորտի լրագրության եւ հանրային կապերի մեջ: Այս տարիների ընթացքում աշխատել եմ տեխնոլոգիական ընկերությունների, ստարտափների, վենչուրային ֆոնդերի հետ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Սիլիկոնյան հովտում:
Այժմ ապրում եւ աշխատում եմ Սիլիկոնյան հովտում՝ արհեստական բանականության ոլորտի առաջադեմ տեխնոլոգիաներ մշակող ստարտափների հետ: Շնորհիվ այդ ծրագրերի՝ գիտելիքներ եւ փորձ եմ ստանում այն մասին, թե ինչպես են PR-ը եւ մարքեթինգն աշխատում գլոբալ շուկաներում: Որոշեցի գրքի միջոցով այդ փորձով կիսվել նաեւ գործընկերներիս հետ, քանի որ գիտելիքն ամենակարեւոր բանն է, որն օգնում է ճիշտ որոշումների կայացմանը:
Գիրքը պարունակում է խորհուրդներ տեխնոլոգիական ընկերությունների PR իրականացնողների համար, թե ինչպես ստեղծել կապ տարբեր լսարանների հետ՝ PR-ով զբաղվողին համեմատելով ութոտնուկի հետ, որն իր ոտքերով կառավարում է ընկերության կապը հաճախորդների, ներդրողների, ԶԼՄ-ների, գործընկերների, կառավարության հետ:
Կարծում եմ՝ գիրքն օգտակար կլինի նաեւ բիզնես վարողների եւ տեխնոլոգիական ստարտափների հիմնադիրների համար, որոնք, միգուցե, տեղյակ են PR-ի պոտենցիալ առավելությունների մասին, սակայն լիովին չեն գիտակցում դրա արժեքը:
-Որո՞նք են այն 3 հիմնական սխալները, որոնք գործում են ստարտափները PR գործընթացում:
- Նախ, նրանք կարծում են, որ հանրային կապերը միանգամից բերելու են արդյունք՝օգտատերեր, վենչուրային կապիտալ, գործընկերներ եւ այլն: Սակայն PR-ը երկարաժամկետ ներգրավվածություն է պահանջում եւ համակարգված լինելու դեպքում՝ բերում մեծ արդյունքների:
Երկրորդ, ընկերությունները հաճախ ձախողում են պրոդուկտի համար հզոր, համապատասխան ուղերձների մշակման գործում:
Երրորդ, հնարավոր է՝ PR-ի եւ մարքեթինգի վրա ծախսվի խոշոր գումարներ, որոնք իրականում անհրաժեշտ չեն:
Կարծում եմ, որ պրոդուկտը պետք է վաճառի ինքն իրեն, լինի գրավիչ եւ մեծ արժեք ներկայացնի վերջնական օգտագործողի համար: PR-ի նպատակն է մատչելի կերպով հասցնել պրոդուկտի արժեքի մասին ուղերձը որքան հնարավոր է շատ օգտագործողների եւ պրոդուկտի շուրջ ձեւավորել դրական հեղինակություն:
-Ովքե՞ր են աջակցել գրքի հրատարակմանը:
- Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Գրքում իրենց կարծիքներն են կիսել նաեւ ռուս PR մասնագետները եւ լրագրողները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր ընկերություններին, որոնց հետ աշխատել եմ եւ ստացել հնարավորություն՝ ձեռք բերելու փորձ, որն այժմ կարող եմ կիսել մյուսների հետ:
Սոֆյա Առաքելյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը