13:29 | 09.09.16 | Նորություններ | 17598
Beeline-ը եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում են «Հեքըթոն» նորարար գաղափարների եւ ծրագրավորման մրցույթի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին։
Մրցույթի նպատակն է խրախուսել տեխնիկական ու հումանիտար մասնագիտություններ ունեցող երիտասարդներին զբաղվել տեխնոլոգիական ձեռներեցությամբ եւ առաջարկել հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող թվային ու նորարար լուծումներ։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ մինչեւ սեպտեմբերի 25-ը:
«Հեքըթոն»–ն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-ին Երեւանում։ Մրցույթի ընթացքում մասնակից թիմերը 12 ժամվա ընթացքում պետք է մշակեն հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող տարբեր լուծումների փորձնական տարբերակներ, որոնք այնուհետեւ կներկայացվեն մասնագետների եւ մենթորների դատին։ Հայաստանյան լավագույն մասնագետներից կազմված հանձնաժողովը, մրցույթի վերջում ծանոթանալով ներկայացված լուծումներին, կորոշի լավագույններին՝ որպես ընտրության չափանիշ կիրառելով 12 ժամում կատարված աշխատանքը, ինչպես նաեւ գաղափարի նորարարությունը եւ հետաքրքիր լինելը։
Հաղթող թիմերը կստանան 1000 եւ 500 դոլարին համարժեք գումարի չափով մրցանակներ:
«Կարելի է ասել, որ հեռահաղորդակցության ոլորտն ամենաարագ փոփոխվող եւ զարգացող ոլորտներից մեկն է, եւ մենք, որպես նորարար ընկերություն, մշտապես գտնվում ենք այս փոփոխությունների էպիկենտրոնում։ Beeline-ը ոչ միայն յուրաքանչյուր օր փորձում է իր բաժանորդներին առաջարկել ժամանակակից ծառայություններ, այլ չափազանց կարեւորում է թվային նորարարություններին ուղղված նման նախագծերի իրականացումը։ Համոզված եմ, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համատեղ կազմակերպված մրցույթի շրջանակում ներկայացված գաղափարներից մի քանիսը կդառնան հերթական նշանակալի երեւույթը հեռահաղորդակցության ոլորտում»,– ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«ՏՏ աշխարհում ընդունված պրակտիկա է անցկացնել թեմատիկ հեքըթոններ, որոնց ժամանակ մշակվում են կոնկրետ ոլորտի որոշակի խնդիրների նորարար լուծումներ։ Այս տարի համագործակցելով Beeline Հայաստանի հետ` փորձում ենք մշակել հետաքրքիր եւ ստեղծարար լուծումներ հեռահաղորդակցության խնդիրների վերաբերյալ, որոնք հետագայում կարող են դառնալ պահանջարկ վայելող պրոդուկտներ։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի փորձը ցույց է տալիս, որ հեքըթոններից ծնվում են բազմաթիվ գաղափարներ, որոնք դառնում են շահավետ բիզնես»,- նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Սեպտեմբերի 16-ին եւ 17-ին մրցույթին մասնակցել ցանկացողների համար կանցկացվեն տեղեկատվական հանդիպումներ, որտեղ կներկայացվեն հեռահաղորդակցության այն հիմնական ուղղությունները, որոնց վերաբերյալ թիմերը պետք է առաջարկեն իրենց լուծումներ։